Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վիրուսային հեպատիտների և դրանց պատճառած վնասների մասին իրազեկվածության բարձրացմանը նվիրված օրվա այս տարվա կարգախոսն է. «Միասին հաղթահարենք խոչընդոտները»: Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: Կարգախոսի կոչն է գործողություններ ձեռնարկել՝ վերացնելու հեպատիտի էլիմինացման և լյարդի քաղցկեղի կանխարգելման ֆինանսական, սոցիալական և համակարգային արգելքները, այդ թվում` խարանը:

Վիրուսային հեպատիտները հիվանդությունների խումբ են, որոնց բնորոշ է լյարդի բորբոքումը և հանգեցնում են լյարդի բջիջների ոչնչացմանը: Կան հեպատիտ առաջացնող տարբեր վիրուսներ (Ա-ից Ե), սակայն հեպատիտ Բ-ն և Ց-ն ամենամտահոգիչն են: Աշխարհում ամեն օր վարակման շուրջ 8000 նոր դեպք է լինում, որոնք հիմնականում չեն հայտնաբերվում: Քրոնիկ վարակը սովորաբար «լուռ» է, ընթանում է առանց ախտանշանների. որի դեպքում ախտանշաններն ի հայտ են գալիս արդեն բարդությունների փուլում, այդ պատճառով առավել վտանգավոր են։ Սուր հեպատիտների դեպքում կարող է լինել բավականին արտահայտված կլինիկական պատկեր:

Հեպատիտ Բ-ի դեմ պայքարում են կանխարգելիչ պատվաստումով, իսկ հեպատիտ Ց-ի համար առկա է արդյունավետ բուժում:

Հայաստանում հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագրի գործադրումից հետո նվազել են հեպատիտների սուր և քրոնիկ դեպքերը, բարելավվել է վաղ հայտնաբերումը. 2024 թվականի համեմատ 2025 թվականին նվազել են սուր հեպատիտների հիվանդացության ցուցանիշները:

1999 թվականից Պատվաստումների ազգային օրացույցում ներդրվել է հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումը։ Եթե մինչև պատվաստումների իրականացումը մեծահասակների և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր հիվանդացության համաչափ նվազում, ապա պատվաստումների ներդրումից հետո, հատկապես մանկական բնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում: Վերջին տարիներին մինչև 18 տարեկանների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել:

Պատվաստումներն իրականացվում են նորածիններին՝ ծնվելուց հետո մինչև 24 ժամվա ընթացքում, հաջորդիվ պատվաստումները կատարվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում համակցված պատվաստանյութերի կազմում՝ 6, 12, 18 շաբաթական երեխաների շրջանում:

Վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են նաև ռիսկի խմբերի անձանց շրջանում:

Հեպատիտ Ց-ի արդյունավետ բուժումն իրականացվում է պետության հովանու ներքո` անվճար, հաստատված կարգի համաձայն:

Վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար հակավիրուսային դեղերի տրամադրման պետական ծրագիրը մեկնարկել է 2020 թվականից: Հայաստանում հաշվառված վիրուսային հեպատիտ Ց ունեցող պացիենտներին, այդ թվում` քրեակատարողական հիմնարկներում գտնվող, զուգակցված վարակներ (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ) ունեցող, անխափան տրամադրվում են հակավիրուսային նորագույն դեղերը:

Ընդհանուր առմամբ, 2020-2024 թթ. ընթացքում բուժում է ստացել շուրջ 3300 բուժառու, որոնցից 95%-ը բուժվել են:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ հեպատիտների վաղ հայտնաբերման դեպքում բուժումն ապահովում է բարձր արդյունավետություն:

198