Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 1653 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 1585-ի համեմատ:

Նշված քրեական վարույթներից ավարտվել է 367-ը, որոնցից միայն 101-ը՝ 255 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 266-ը կարճվել է։

Ավարտված վարույթներից երկու տասնյակը հանդիսացել են երկուսից մինչև վեց տարի նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթներ: Քննված քրեական վարույթների հետ մեկտեղ Կոմիտեի քննիչների կողմից քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 2677 դիմում-հաղորդման:

Նույն ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 1․096․236․339 ՀՀ դրամը՝ նախորդ տարվա 654.115.746 ՀՀ դրամի համեմատ:

Անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 398․307․300 ՀՀ դրամը՝ նախորդ տարվա 226.714.749 ՀՀ դրամի համեմատ: Այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածում ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 1 մլրդ 494 մլն 543 հզր 639 ՀՀ դրամ, իսկ գույքային վնասի տեսքով վերականգնվել է 158.820.650 ՀՀ դրամի գույք։

Պատճառված վնասի վերականգնման նպատակով արգելանք է դրվել 455.534.243 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Միևնույն ժամանակ, Կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման և  մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև վարույթների քննության որակական բարելավման նկատառմամբ հաշվետու ժամանակահատվածում՝

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 02-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14-Լ հրամանով ստեղծվել են Կոմիտեի 6 թեմատիկ քննչական վարչություններ, նոր իմաստով վերաձևավորվել է Կոմիտեի ներքին անվտանգության և վերահսկողության վարչությունը։
  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 18-ի թիվ 24-Լ հրամանով հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննության պլանավորման աշխատանքների կազմակերպման միասնականության վերաբերյալ ուղեցույցը, որով սահմանվել են քննության պլանավորմանը վերաբերող հիմնական պահանջները, քննության պլանի ձևերը և այլն։
  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում հերթապահություն սահմանելու մասին» 16-Լ հրամանով սահմանվել է հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում հերթապահության կարգը։

Կոմիտեի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկման, դրանց արագ և համարժեք արձագանքման նպատակով՝

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդակցական մարմին ստեղծելու և դրա գործունեության կարգը հաստատելու մասին» 21-Լ հրամանով ստեղծվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդակցական մարմինը, և հաստատվել է վերջինիս գործունեության կարգը, իսկ 2025 թվականի հունիսի 9-ի թիվ 181-Ա հրամանով հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդակցական մարմնի կազմը։

Քաղաքացիների հետ առավել սերտ համագործակցությունն ապահովելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 09-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13-Լ հրամանով գործարկվել է Կոմիտեի թեժ գիծը, որի միջոցով քաղաքացիները կարող են շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։
  • Հստակեցվել է նաև Կոմիտեի նախագահի և վերջինիս տեղակալների մոտ քաղաքացիների ընդունելության կարգը:

Կոմիտեի ծառայողների արդյունավետ կարգապահությունն ապահովելու նպատակով՝

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 02-Լ հրամանում լրացումներ կատարելու մասին» 22-Լ հրամանով Կոմիտեի ծառայողների համար սահմանվել են կարգապահական բնույթի պարտականություններ։

Կոմիտեում որակյալ և արդյունավետ աշխատանքի խթանման, ինչպես նաև արդար և թափանցիկ մոտիվացիոն մեխանիզմների ներդրման նպատակով՝

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 18-ի
    թիվ 24-Լ հրամանով հաստատվել է «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների դրամական պարգևատրման չափորոշիչները և կարգը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դրամական պարգևատրման չափորոշիչները և կարգը»։

Բարեխիղճ և արդյունավետ ծառայություն, ինչպես նաև նախաձեռնողականության բարձր մակարդակ ցուցաբերած Կոմիտեի ծառայողներին խրախուսելու նպատակով՝

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 29-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 17-Լ հրամանով հիմնվել է «Լավագույն ծառայող» մեդալը՝ սահմանելով նշված մեդալի և վկայականի ձևն ու նկարագիրը։

Կոմիտեի բնականոն ու անխափան գործունեությունն ապահովելու  նպատակով՝

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 27-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 09-Լ հրամանով սահմանվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման, սպասարկման և այլըտնրանքային եղանակով իրականացվող տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նոր կարգը:
  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 15-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 08-Լ հրամանով սահմանվել է արձակուրդ տրամադրող սուբյեկտների շրջանակը։
  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի՝ 2025 թվականի ապրիլի 7-ի «Մասնավոր ավտոմեքենաների շահագործման համար Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին այլընտրանքային փոխհատուցման նպատակով տրամադրվող վառելիքի չափաքանակը և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների՝ վառելիքի սահմանաչափերը սահմանելու մասին» 09-Լ հրամանով սահմանվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին գործուղման շրջանակներում այլընտրանքային փոխհատուցման նպատակով տրամադրվող վառելիքի սահմանաչափերը:

Կոմիտեի ծառայողների վկայականների միասնակությունն ապահովելու նպատակով՝

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 05-Լ հրամանում փոփոխություններ կատարելու մասին» 20-Լ հրամանով սահմանվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների միասնական նմուշի նոր վկայականի ձևը։

Կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման, աշխատանքի բարելավման, Կոմիտեն արհեստավարժ կադրերով համարելու, առողջ մրցակցություն ապահովելու նպատակով՝

  • 2025 թվականի հունիսի 27-ին ընդունվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի մշակման նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ» թիվ 209-Ա հրամանը։

 «Փողերի լվացման, ահաբեկչության դեմ ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի» 2025-2028 թվականների ազգային ռազմավարության գործողությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով՝

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 13-ի «Փողերի լվացման, ահաբեկչության դեմ ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի» 2025-2028 թվականների ազգային ռազմավարության՝ Հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի գործողությունները սահմանված ժամկետներում կատարելու վերաբերյալ» 23-Լ հրամանով հստակ սահմանվել է վերոնշյալ ռազմավարությամբ հաստատված՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի գործողությունները սահմանված ժամկետներում կատարելու հանձնառությունը։

Նախաքննության կազմակերպման և դրա արդյունավետության ապահովման նպատակով՝

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի ապրիլի 29-ի «Հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով, ինչպես նաև հանրային քրեական հետապնդման ժամկետները կասեցված քրեական վարույթների նախաքննությունը կազմակերպելու վերաբերյալ» 01-Լ հանձնարարականով սահմանվել է հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով, ինչպես նաև հանրային քրեական հետապնդման ժամկետները կասեցված քրեական վարույթների նախաքննությունը կազմակերպելու կարգը:
  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից քրեական վարույթներով միջնորդությունները դատարան ներկայացնելու կարգի վերաբերյալ» 02-Լ հանձնարարականով սահմանվել է քննիչների կողմից քրեական վարույթներով միջնորդությունները դատարան ներկայացնելու կարգը:
  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից վիճակագրության բաժին անհրաժեշտ տվյալների ներկայացման կարգի վերաբերյալ» 03-Լ և «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից վիճակագրական քարտերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ներկայացնելու կարգի վերաբերյալ» 04-Լ հանձնարարականներով սահմանվել է Կոմիտեի քննիչների կողմից վիճակագրության բաժին անհրաժեշտ տվյալների ներկայացման կարգը:

Հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեի ինքնավար և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների պաշտոնների համալրման նպատակով 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կազմակերպվել է 7 մրցույթ, նշված մրցույթներից 4-ը հայտարարվել է ինքնավար, իսկ 3-ը՝ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրելու համար:

Մրցույթների արդյունքներով հաղթող  են  ճանաչվել 11-ը, որոնցից 6-ը  նշանակվել են համապատասխան պաշտոնների (1 ինքնավար և 5 օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոններ)։

Ընթացքի մեջ գտնվող 3 մրցույթներին մասնակցության հայտ է ներկայացրել 17 թեկնածու։ Այս մրցույթներով նախորդ մրցութային փուլերը հաջողությամբ հաղթահարած  8 թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության փուլը դեռևս չի ավարտվել:

2025 թվականի առաջին կիսամյակում կարգապահական հանձնաժողովի կողմից քննարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 1 միջնորդություն  (1 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի) և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի 1 միջնորդություն (օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման 9 ծառայողների վերաբերյալ): 

Միջնորդությունների քննարկման արդյունքում կարգապահական հանձնաժողովի կողմից կայացվել է ծառայողական քննություն հարուցելու մասին 2 որոշում՝ նշված ծառայողների վերաբերյալ:

151