
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր սպանություն է եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 02:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Արմեն Մ.-ն և Երևանի բնակիչ 40-ամյա Սևակ Ե.-ն ինչ-որ անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով գնացել են «Հրազդան» քաղաքի Կենտրոն թաղամասում գործող հայտնի «Մանուշակ» մարկետ` Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Գրիգոր Չ.-ի մոտ, որտեղ եղել են նաև Կոտայքի մարզի բնակիչներ 27-ամյա Գագիկ Ս.-ն, 28-ամյա Հենրիկ Ա.-ն և 55-ամյա Միսակ Հ.-ն։
Պարզաբանումների ընթացքում վիճաբանություն է սկսվել Արմեն Մ.-ի և Հենրիկ Ա.-ի միջև, վեճը վերածվել է ծեծկռտուքի, ու նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Ըստ կայքի` Գագիկ Ս.-ն, Միսակ Հ.-ն, Գրիգոր Չ.-ն և Սևակ Ե.-ն հանդարտեցրել են նրանց և խանութից դուրս հանել, ինչից հետո վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ էլ Հենրիկ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Ս.-ին, Արմեն Մ.-ին և Սևակ Ե.-ին։ Նրանք տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ Արմեն Մ.-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Կասկածյալն իրավապահների հետ բանակցություններ արդյունքում ինքնակամ ներկայացել է Կոտայքի մարզի քրեական ոստիկանություն, որտեղից էլ նրան Կոտայքի մարզային քննչական վարչություն են տեղափոխել։ Հենրիկ Ա.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է և խոստովանել կատարած արարքը։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանություն և սպանության փորձի հատկանիշներով։ Գործողություններ են ձեռնարկվում հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։