Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երկար տարիներ Հայաստանում տարբեր ձևերով օրինական ծառայությունից խուսափելու տասնյակ հազարավոր դեպքեր են եղել, և հետաքրքիր է՝ հիմա այդ մարդիկ նույնպես վարժական հավաքների ենթակա չեն, որովհետև արդեն իրենց գործերում նշված է, որ զինծառայության համար պիտանի չեն: Բայց մենք գիտենք, որ հասարակության լայն զանգվածներում առնվազն կասկածի տակ է դրվում այդ փաստաթղթերի օրինականությունը, և դրանք տասնյակ հազարավոր մարդկանց են վերաբերում: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ի նիստին ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ապա, խոսքն ուղղելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին, հարցրեց.

«Արդյոք կա՞ որոշակի պրոցես՝ այս վարժական հավաքների ընթացքում հետ գնալու և ստուգելու այդ մարդկանց գործերը, և եթե նրանք պիտանի են ծառայության, ապա գոնե մարզական հավաքներին, եթե առողջության որևէ թերություն չունեն, խնդիր չունեն, ապա նրանք ներգրավվեն, և ըստ այդմ՝ նաև բազաները թարմացվեն: Արդյոք նման պրոցես կա՞ կամ նախատեսվո՞ւմ է, ո՞րն է ՊՆ-ի դիրքորոշումն այս հարցում»:

Արման Սարգսյանը հայտարարեց՝ ՊՆ դիրքորոշումը միանշանակ դրական կլինի, եթե ոչ իրավաչափ հիմքով կամ ապօրինի կերպով ազատված մարդիկ կորցնեն իրենց ազատված լինելու իրավաչափ հիմքը և դառնան պահեստազորային:

«Սակայն քանի առկա է իրավական ակտ, որով նրանք ազատվել են իսկական զինվորական ծառայությունից՝ մասնավորապես առողջական վիճակի հիմքով, մենք չեք կարող նրանց ներգրավել, իսկ նման պրոցես պաշտպանության նախարարությունը չի նախաձեռնել, և սա իրավապահ մարմինների խնդիրն է»,- ասաց նա:

Նախարարի տեղակալը հիշեցրեց՝ կան նախաքննական մարմիններում բազմաթիվ քրեական վարույթներ, այդ թվում՝ տարբեր զորակոչերի ընթացքում այս հիմքով ազատված անձանց իրավաչափությունը ստուգելուն ուղղված, որոնք տևում են բավականին երկար:

«Չեմ կարող համապարփակ տեղեկատվություն տրամադրել, բայց մեր դիրքորոշումը, բնականաբար, դրական է: Ցանկալի կլիներ, որ նրանք վերադառնային, մենք էլ նրանց՝ որպես պահեստազորայինի ներգրավեինք վարժական հավաքներին»,- ասաց նա:

Հակոբ Արշակյանը նկատեց՝ թնջուկը մնում է չլուծված, և սա նույնպես իր հետևանքներն է ունենում մանավանդ այն քաղաքացիների շրջանում, որոնք բարեխղճորեն իրենց ծառայությունն անցել են, և հիմա էլ վարժական հավաքների են մասնակցել՝ իմանալով, որ իրենց հարևանությամբ կան մարդիկ, որոնք հավաքների ենթակա են, բայց չեն մասնակցում՝ ժամանակին ձեռք բերված ինչ-ինչ իրավական փաստաթղթերի հիմքով:

310