Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 2-ին որոշեց 2025-ի պետական բյուջեում վերաբաշխում կատարել՝ լրացուցիչ 12,5 մլրդ դրամ ուղղելով «Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձ» ծրագրին։ Այն կհատկացվի կառավարության խնայողություններից։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնեց, որ այս քայլը պայմանավորված է ծրագրի շահառուների թվի աննախադեպ աճով, որի հետևանքով նախատեսված միջոցներն անբավարար են դարձել։ Գործադիրում նաև արձանագրեցին, որ թեև ակնկալվում էր, որ կառուցապատման ոլորտը անկում կունենա, հակառակ վիճակն է ներկայում։ ՊԵԿ նախագահը կարծիք հայտնեց, որ առաջիկա երկու տարում տեմպերը աճելու են, ընդ որում՝ Երևանից դուրս։
2025 թվականի պետական բյուջեով «Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձ» ծրագրի համար նախատեսվել էր շուրջ 84 մլրդ դրամ, սակայն շահառուների թվի կտրուկ աճի պատճառով ֆինանսական ռեսուրսները 4-րդ եռամսյակի համար արդեն անբավարար են։
2025թ. հունվար-օգոստոսին շահառուների թիվը հասել է 61,954-ի (2024թ.՝ 49,973), իսկ վերադարձված գումարը՝ արդեն շուրջ 70 մլրդ դրամի։ Մինչդեռ 4-րդ եռամսյակի համար մնացել է միայն 13.4 մլրդ դրամ, ինչը բավարար չէ սպասվող դիմումների սպասարկման համար։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով հիպոթեքային տոկոսների վերադարձի ծրագրի ծավալներին, նշեց․ «Ակնհայտ է, որ այսքան ծավալով կառուցապատման ոլորտը դուրս է եկել ստվերից։ Մի կողմից՝ ծախսերը մեծ են, մյուս կողմից՝ կան բարձր հարակից էֆեկտներ։ Եթե սուբսիդների վրա մոտ 100 միլիարդ դրամ է ծախսվում, ապա դա նշանակում է, որ բավականին մեծ վարկային պորտֆել ունենք, իսկ շահառուների թիվը՝ շուրջ 62 հազար, բավականին լուրջ ցուցանիշ է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս աճի տեմպը մոտ ապագայում դանդաղելու է»։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հավելեց․ «Ոլորտը էապես խթանված է։ Սա միակ ոլորտն է, որտեղ ունենք բավականին բարձր աճեր։ Միայն 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին շինարարության ծավալները աճել են շուրջ 20%-ով։ Այն դարձել է խոշոր հարկ վճարողների առանցքային ոլորտներից։ Նախնական կանխատեսումներով՝ առաջիկա 1-2 տարին ոլորտում շարունակվելու է աճը»։