Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անակնկալներով լի, անսպասելի շրջադարձերով և ամանորյա տրամադրություն հաղորդող «Mallորվածը» ֆիլմն արդեն կինոթատրոններում է: Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի ֆիլմը ոչ միայն կհաղորդի բարձր տրամադրություն, այլ նաև կարթնացնի մանկանալու և չարաճճիանալու ցանկությունը: Այն հիանալի ընտրություն է երեխաների հետ ուրախ ժամանցի և անմոռանալի պահերի համար:
Դեռևս 2018-ին դերասան և պրոդյուսեր Գրիգորը Դանիելյանը նկատելով, որ հայկական կինոարտադրությունում պակասում են ամանորյա ֆիլմերը դերասան և սցենարիստ Գարիկ Սեփխանյանի հետ քննարկման արդյունքում ծնվեց «Mallորվածը» ֆիլմի գաղափարը, որը կյանքի կոչվեց ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի և Նարեկ Մարգարյանի սցենարով։
«Միշտ մտածում էի, որ մեզ պետք են ամանորյա ֆիլմեր, որոնք ամեն տարի կցուցադրվեն և կդառնան ավանդույթ։ Պատերազմի օրերին կամավորական աշխատանքի շրջանակում շատ էի շփվում Գոռ Կիրակոսյանի հետ։ Մեկ անգամ կիսվեցի գաղափարով․ որոշեցինք, որ հենց ամեն ինչ ավարտվի, այս ֆիլմը պետք է նկարահանենք։ Ես և Գարիկը վստահ էինք, որ Գոռն այն լավագույն կերպով կկատարի, քանի որ նա հայկական կինոարտադրության լավագույն ռեժիսորներից է: 2022-ից սկսեցինք աշխատել գաղափարի վրա։ Սցենարական զարգացումները գրեցինք ես և Գարիկը, բայց քանի որ զուգահեռ հեռուստանախագծեր ունեինք, պատմությունն ամբողջությամբ հանձնեցինք Նարեկին և Գոռին»- ասուլիսի ժամանակ ասաց Գրիգոր Դանիելյանը:
Ֆիլմի գլխավոր հերոսերից՝ Լեո Մկրտչյանը, չնայած երեխա լինելու հանգամանքին չի փորձել մանիպուլացնել այդ փաստը՝ վստահեցնում են թիմի անդամները:
«Լեոն ամեն անգամ փորձում էր ամեն ինչ անել, որ ուշ ավարտենք, որպեսզի հաջորդ օրը դասի չգնա։ Միակ կետն էր, որ երևում էր՝ երեխա է։ Իսկապես շատ հասուն էր մոտեցել աշխատանքին, մենք պայմանավորվածություն ունեինք, թե ինչպես պետք է իրեն դրսևորի նկարահանման հրապարակում, ինչն էլ հավուր պատշաճի արեց։ Ասեմ ավելին, ի տարբերություն Ռաֆոյի՝ բոլոր բարդ տեսարանները հենց ինքն է կատարել», -կատակելով նշեց Գոռ Կիրակոսյանը։
Ասուլիսին ներկա էին նաև Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ներսես Ավետիսյանը, Գարիկ Սեփխանյանը և Լեո Մկրտչյանը: Դերասանները կիսվեցին իրենց վառ հիշողություններով:
Ի դեպ Ռաֆայել Երանոսյանը նշեց, որ Գոռ Կիրակոսյանի ֆիլմերում նկարահանվելու համար ինքն է վճարում Գոռին:
«Նախքան առաջարկը ստանալը, երբ գիտեի Գոռի գաղափարի մասին, նշում էի, որ ֆիլմը «չի ծախվելու», սակայն Գոռն ասաց, որ «կծախվի», քանի որ հենց ես էլ նկարահանվելու եմ»,-լրագրողներին ասաց դերասանը։
Դիանա Մալենկոն, որը մարմնավորում էր բացասական կերպար ասաց, որ հենց այդ փաստն է իրեն գրավել. « Գոռ Կիրակոսյանի հետ մինչ խմբային ընթերցումներն հանդիպում ու փորձում էինք հասկանալ կերպարի ժեստիկուլացիան, քայլվածքը, ձայնի հնչերանգը, խոսելու ձևը: Փորձեցինք կերպարի քրեական անցյալը տեղավորել արտաքին արտահայտչամիջոցների մեջ: Արդյունքում՝ ստացանք արտաքնի ու պահվածքի դիսոնանս, որը խաղարկվում է տարբեր՝ երբեմն էլ մեկ տեսարանում»-ասաց Դիանան:
Դերասանները վստահեցրին, որ բոլորը խիստ քասթինգի միջով են անցել, ավելին՝ Գրիգորը և Գարիկը՝ անկախ գաղափարի հեղինակները լինելուց, միևնույն է, կարող էին չխաղալ ֆիլմում, եթե դերին համապատասխան չլինեին։
Հաճախ «Mallորվածը» համեմատում են «Տանը մենակի»-ի հետ, սակայն նմանությունը միայն տոնական միջավայրն ու երեխա հերոսի առկայությունն է: Եվ չկան դրվագներ, չկան տեսարաններ, որոնք կրկնօրինակած են․ օրիգինալ սցենար է:
«Մեզ մոտ ոգեշնչում եղել է «Տանը մենակ» ֆիլմից, բայց մենք գրել ենք ամբողջովին նոր սցենար՝ նոր պատմություն։ Նկարահանումները շատ դժվար էին․ գիշերները ձյուն, ցուրտ, մինչև առավոտյան 10-ը։ Ֆիլմը դիտողները վստահ եմ այն չեն նմանեցնի «Տանը մենակ»-ին։ Մեծ էր նաև ֆիլմի աշխարհագրությունը՝ Թբիլիսի, Ստեփանավան, Կապան, Երևան։ «Mallորվածը»-ում կտեսնեք նաև մի շարք սիրված կերպարների, որոնք էպիզոդիկ դերում են հանդես եկել, սակայն չեմ ցանկանա նշել նրանց անունները, որպեսզի հետաքրքիր լինի»,- ասաց ռեժիսոը։
Հավելենք, որ ֆիլմի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը, օգտագործվել է նաև Գարիկ և Սոնա Ռուբենյանի «Էն ում Ամանորն է» երգը:
Լուսանկարները՝ Կարեն Դավթյան