Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանն առաջին հերթին պետք է հաղթահարի Ռուսաստանի հետ երկխոսելու վախը, քանի որ երկու երկրների միջև առկա խնդիրները հնարավոր չէ լուծել առանց հաղորդակցության։
Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով նոյեմբերի 19-ին Մինսկում Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հանդիպումը։
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին իշխանության ընդդիմախոսները փորձել են հասարակության մեջ վախ սերմանել Ռուսաստանի հետ երկխոսության նկատմամբ՝ այն ներկայացնելով որպես անընդունելի։
«Դա այն երկիրն է, որի հետ մենք ամենաշատ խնդիրներն ունենք, և այդ խնդիրներն առանց երկխոսության լուծել հնարավոր չէ։ Հետևաբար, առաջին հերթին պետք է հաղթահարենք խոսելու վախը։ Ոչ մի սարսափելի բան չկա այն մեկի հետ խոսելու մեջ, որի հետ խնդիրներ ունես»,- ասել է Բոչորիշվիլին։
Զուրաբաշվիլին և Գալուզինն ավելի վաղ Մինսկում անցկացրել էին բանակցությունների առաջին փուլը։ Ըստ վրացական կողմի՝ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության շուրջ միջազգային քննարկումների ընթացքը։