Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի կառավարությունը միջնաժամկետ ծախսերի շրջանակը հաստատել է հնգամյա ժամանակահատվածով, մինչդեռ նախկինում այն սահմանվում էր երեք տարով։ Այս մասին Ազգային ժողովում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Այս անգամ միջնաժամկետ ծախսերի շրջանակը հաստատել ենք 5 տարով, ոչ թե 3 տարով, ինչպես նախկինում էր։ Այժմ ծրագրում չենք ներկայացնում առանձին ծախսային ուղղությունները, այլ յուրաքանչյուր գերատեսչության մասով՝ քաղաքականության հիմնական ուղղություններն ու սահմանաչափերը»,– նշեց նախարարը։
Հովհաննիսյանի խոսքով՝ այս մոտեցումը հնարավորություն է տալիս պետական ֆինանսական պլանավորումն իրականացնել ավելի երկարաժամկետ և կանխատեսելի ձևով, ինչպես նաև ապահովել բյուջետային քաղաքականության կայունություն և շարունակականություն։
«Բացի նրանից, որ ներկայացրել ենք հեռանկար, նաև միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատել ենք ավելի շուտ, քան նախկինում էր: Եթե նախկինում միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատվում էր հուլիսի սկզբին, հիմա այն հաստատում ենք հունիսի սկզբին: Հաջորդ տարի պլանավորում ենք դա իրականացրել մայիս ամսվա ընթացքում:
Ինչո՞ւ է սա կարևոր, որովհետև մենք միջնաժամկետ ծախսային ծրագրից մինչև բյուջեի հաստատում ունենք ավելի շատ ժամանակ՝ ավելի մանրամասն քննարկելու բազային բյուջեն և դրա առանձնահատկությունները, ինչպես նաև տարբեր քաղաքականությունների առաջնահերթությունները:
Հաջորդ կարևոր փոփոխությունն այն է, որ բյուջեն ներկայացնում ենք եռամյա հեռանկարով, այսինքն՝ սա մեկ տարվա բյուջե չէ: Ըստ էության, հաստատվում է մեկ տարվա բյուջե, սակայն միաժամանակ ներկայացվում է 3 տարվա ծախսային շրջանակը»,- ասաց նա:
Մեկ այլ փոփոխության համաձայն՝ բյուջեի ծախսերը և եկամուտները կներկայացվեն խմբավորված՝ ըստ գերատեսչությունների, այսինքն՝ բյուջեի կառուցվածքը փոխվել է, և բյուջեի կառուցվածքն այսուհետ հիմնված կլինի գերատեսչական բացվածքի վրա:
Կներկայացվի նաև պետական մարմինների կողմից օգտագործված գույքի արժեքը: Նպատակն այն է, թե պետական համակարգն ինչպիսի ծախս է ենթադրում, քանի որ մինչ այդ վերոնշյալ ծախսերը ներկայացված չէին բյուջեում:
«Հույս ունենք՝ հաջորդ տարի կկարողանանք արդեն այս ծախսերը ներկայացնել բյուջեի ծախսային հոդվածներում, որպեսզի ամբողջական, մեկ տեղում պատգամավորները և քաղաքացները կարողանան տեսնել, թե պետական կառավարման համակարգը ընդհանուր առմամբ ինչքան է ծախսում իր աշխատանքը կատարելու համար»,- ասաց նա:
Առաջին անգամ ներդրվելու է նաև կապիտալ ծախսերի փոխանցման համակարգ, որով մեկ տարվա մեջ չկատարված, սակայն պարտավորությունները ստանձնած կապիտալ ծախսերը հնարավորություն կլինի տեղափոխել մյուս տարի, և առանց ավելորդ վարչարարության՝ այդ ծախսերը ավարտին հասցնելով հաջորդ տարվա սկզբին: