Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսությունը շարունակվում է։ Նոյեմբերի 5-ին հայկական կողմին պաշտոնապես հանձնվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով միգրացիոն քաղաքականության ոլորտում ձեռք բերված առաջընթացին։

«Ուրախությամբ պիտի փաստեմ, որ մի շարք միջոցառումներ, որոնք նախատեսված են ծրագրի 74 կետերում, արդեն իրականացվում են կառավարության կողմից, իսկ մի մասի շուրջ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի», — նշեց Սարգսյանը։

Ըստ նախարարի՝ կարևորը, թերևս, փաստաթղթերի անվտանգությունն է, և այս համատեքստում նա հայտարարեց, որ էական առաջընթաց կա բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ: Ֆրանսիական ընկերության հետ կնքվել է համապատասխան պայմանագիր: Ընկերությունը ՀՀ-ում հիմնադրել է ՓԲԸ, որն էլ ակտիվ աշխատում է այս ծրագրի իրականացման ուղղությամբ:

«Պիտի փաստեմ, որ առաջիկայում կտեսնենք մեծածավալ շինարարական աշխատանքներ թե՛ Երևանում, թե՛ հանրապետության բոլոր մարզերում, որովհետև գրասենյակների շինարարության կտորն ակտիվ կերպով ընթանալու է առաջիկայում:

Նաև ընդգծեմ, որ առաջիկա օրերին կսկսենք արտադրությունը նույնականացման քարտերի՝ բլանկների տեսանկյունից: Վերջնարդյունքում 2026 թվականի երկրորդ կիսամյակում կտեսնեք բիոմետրիկ համակարգի գործարկում ՀՀ-ում, և մեր քաղաքացիներն ի վերջո կստանան բիոմետրիկ անձնագրեր և նույնականացման քարտեր»,- ասաց նա:

879