
Չիկագոյում տղամարդը ոստիկանության հետ հրաձգության ժամանակ սպանել է 3 մարդու եւ վիրավորել եւս 4-ին հարձակումների շարքում, որն ավարտվել է իր մահով:
Քննիչները փորձում են սահմանել հարձակումների դրդապատճառը, որոնք սկսվել են շաբաթ ցերեկը Չիկագոյի համալսարանի 30-ամյա ուսանողի սպանությունից, ով գլխի հատվածում հրազենային վնասվածք է ստացել, երբ նստել է իր մեքենան: Այս մասին հայտարարել է Չիկագոյի ոստիկանության ներկայացուցիչ Դեւիդ Բրաունը:
Հրաձիգը՝ 32-ամյա Ջեյսոն Նայթենգեյլը, դրանից հետո մտել է բազմաբնակարան շենք եւ կրակել 46-ամյա պահակի, 77-ամյա տղամարդու եւ կնոջ վրա: Պահակը մահացել է հիվանդանոցում, իսկ տարեց կինը, որը գլխի հատվածում հրազենային վնասված է ստացել, հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդում է Chicago Tribune-ն:
Բրաունի խոսքով՝ Նայթենգեյլը մոտեցել է այլ շենքի, առեւանգել իր ծանոթի մեքենան, ապա մտել խանութ ու կրակ բացել՝ սպանելով 20-ամյա տղամարդու եւ վնասել 81-ամյա կնոջ գլխի եւ պարանոցի հատվածում: Կինը եւս գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում:
Դուրս գալով խանութից՝ հրաձիգը կրակ է բացել 15-ամյա աղջկա ուղղությամբ, որը գտնվել է մեքենայում իր մոր հետ, արդյունքում աղջիկը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Ապա նա վերադարձել է խանութ, որտեղ արդեն ոստիկաններ են ժամանել, նրանց ուղղությամբ եւս կրակ է բացել: Ոստիկանների շրջանում տուժածներ չկան:
Ոստիկանների հետ բախման ժամանակ նրան գնդակահարել են:
news.am