Արցախցի շախմատիստ Հովիկ Հայրապետյանը շարունակում է հաջող ելույթ ունենալ Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարում:

Այսօր կայացած 3-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով պարտության մատնեց իրանցի Բարդիյա Դանեշվարին և  տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Հովիկ Հայրապետյանը 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Առաջատարին կրնկակոխ հետապնում է Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Ռուդիկ Մակարյանը, որն ընթացիկ տուրում առավելության հասավ Արմեն Բարսեղյանի նկատմամբ և վաստակեց 2,5 միավոր: Նրան հաջորդում են Սերգեյ Լոբանովն ու Լևոն Բաբուջյանը, որոնք ունեն 2-ական միավոր: Այսօր առաջին միավորը վաստակեց մրցաշարի միակ կին մասնակից Աննա Սարգսյանը, որը սպիտակներով հաղթեց գրոսմայստեր Արման Միքայելյանին:

Վաղը տեղի կունենան 4-րդ տուրի պարտիաները: Հովիկ Հայրապետյանը կհանդիպի Արման Միքայելյանի, իսկ Ռուդիկ Մակարյանը՝ բելառուսցի Դենիս Լազավիկի հետ:

11 Հունվար, 2021 22:58
343
; ;