Հայ-Ռուսական համալսարանի և Ապկարիան հիմնադրամի համագործակցության արդյունքում Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվել է «Արցախի արդարության և արդարադատության կենտրոն»՝ որպես համալսարանի առանձին կառուցվածքային ստորաբաժանում:

«Կենտրոնի հիմնական առաքելությունն է դառնալ 2020թ․Արցախյան պատերազմում զոհված և տուժած անձանց հանդեպ գործած հանցագործությունների մասին վկայությունները (աուդիո/տեսանյութերի և փաստաթղթերի տեսքով) հավաքագրող գործուն շտեմարան։ Այդ ականատեսների վկայությունները հասանելի են լինելու կրթական և իրավական ոլորտներում հետազոտությունների համար՝ դրանով իսկ նպաստելով կրթության զարգացմանը, վկայությունների պահպանմանը և արդարության վերականգնմանը»,- նշել է Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանը՝ հավելելով, որ դրանք հետագայում կարող են հանդիսանալ որպես փաստական հիմք՝ տուժած անձանց կամ իրենց իրավահաջորդների խախտված իրավունքների վերականգնման և կորցրած սեփականության համար փոխհատուցում ստանալու նպատակով դատական հայցեր ներկայացնելիս:

«Արցախի արդարության և արդարադատության կենտրոն»-ում Հայաստանի և Արցախի իրավաբանական խմբերին՝ հիմնականում բաղկացած ուսանող-սկսնակ իրավաբաններից, սովորեցնելու են պատերազմի հետևանքով տուժած անձանցից միջազգային իրավական չափանիշներին համապատասխան և փաստական հիմք պարունակող հարցազրույցների վարման մեթոդիկային։

«Հայ-Ռուսական համալսարանի «Իրավագիտություն» ուղղության բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն արդեն անցկացրել են մի քանի հարցազրույց Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ։ Կենտրոնը, մեծապես կարևորելով  հավաքվող բոլոր փաստագրական նյութերի նշանակությունը, երաշխավորում է դրանց գաղտնիությունը. որևէ փաստաթուղթ կամ տեսանյութ չի կարող հրապարակվել առանց այդ տվյալները հավաքագրած անձի համաձայնության», - ընդգծել է Քալաշյանը՝ հավելելով, որ այդ կենտրոնում ուսումնական պրակտիկա անցնելու հնարավորություն ունեն նաև ՀՀ այլ բուհերի ուսանողներ։

Իր հերթին «Արցախի արդարության և արդարադատության կենտրոն»-ի համահիմնադիր, ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Օրենջ վարչական շրջանի Գերագույն դատարանի դատավոր Կասիա Աբգարյանն ասել է հետևյալը․ «Արցախի արդարության և արդարադատության կենտրոնը ստեղծվել է Արցախյան պատերազմում տուժած հայերի ձայնը լսելի դարձնելու, ինչպես նաև պատերազմում տուժածների վկայությունների արձանագրման, պահպանման և ցուցադրման նպատակով: Կենտրոնը կլինի ոճրագործությունը վերապրածների հազարավոր պատմությունների տուն: Այն լինելու է հուշարձան, ինչպես նաև մարդկանց տեղահանությունների, ռազմական հանցագործությունների և ցեղասպանության մասին ճշմարտության ցուցահանդես: Այն հասանելի կդառնա կրթելու, պաշտպանելու և դատական ​​գործընթացներ սկսելու նպատակով: Շնորհակալություն ենք հայտնում Հայ-Ռուսական համալսարանին՝ այս տեսլականն իրականություն դարձնելու հարցում աջակցելու համար»:

«Արցախի արդարության և արդարադատության կենտրոն»-ի գործունեության մասին պատմող էջը շուտով հասանելի կլինի ՀՌՀ-ի պաշտոնական կայքում: Բացի այդ, արդեն գործում է Կենտրոնի էլեկտրոնային հասցեն, որին դիմում են պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիները։

Նշենք, որ 2020թ․ ապրիլին Հայ-Ռուսական համալսարանը և Ապկարիան հիմնադրամը ստորագրել էին համագործակցության հուշագիր, որի համաձայն ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի «Իրավագիտություն» ուղղության ուսանողներին հնարավորություն է ընձեռնվելու վերապատրաստում անցնել  արտասահմանյան առաջատար ԲՈւՀ-երում։

 

ՀՌՀ մամուլի ծառայություն

 

 

112