Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի»՝ 0-4 հաշվով պարտությունից հետո գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը շնորհակալություն է հայտնել թիմին՝ անցած եվրագավաթային երկար ճանապարհի համար․
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք այս խաղում մեծ թվով ներկա էին մարզադաշտում և հսկայական աջակցություն ցուցաբերեցին մեզ։ Սա ծանր օր էր, թե՛ ինձ, թե՛ իմ խաղացողների համար, բայց կարծում եմ՝ մենք արեցինք առավելագույնն այս դիմակայությունում։ Սակայն պարտավոր եմ շնորհակալություն հայտնել նրանց այն ամենի համար, ինչ արեցին մեզ համար եվրագավաթային այս մրցաշրջանում։
Խաղի ընթացքի վրա ազդեցին մի քանի առանցքային պահեր։ Արագ խփած գոլը մրցակցին մեծ էներգիա տվեց, հետո բաց թողեցինք ստանդարտ դրությունից, և շատ դժվար դարձավ վերադառնալ խաղին։ Այսօր մենք չկորցրինք մարտական ոգին, բայց նման թիմի դեմ խաղալը հեշտ չէ:
Այնուամենայնիվ, մեծ շնորհակալություն իմ խաղացողներին, կարծում եմ՝ մենք առավելագույնը քաղեցինք: Առաջին անգամ հայկական ֆուտբոլում մենք խաղացինք անցումային փլեյ-օֆֆ փուլում և հաղթեցինք առաջին հանդիպումը: Այդ խաղում մենք վաստակեցինք երեք միավոր և Հայաստանը բարձրացրինք ՈւԵՖԱ-ի աղյուսակի 33-րդ հորիզոնական, ինչը շատ կարևոր է հայկական ֆուտբոլի համար, և սա նշանակում է, որ հայկական ակումբներից մեկը եվրագավաթային պայքարը կսկսի Եվրոպայի լիգայի խաղարկությունից»,- հետխաղյա մամուլի ասուլիսում նշել է մարզիչը։