
«Մենք կարծում ենք, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացումը անհրաժեշտություն է նմանատիպ միջնորդությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: Նաև հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում է, որ պետք է ներդրվեր մասնագիտացում կոռուպցիոն հանցագործությունների քննության մասով՝ դրանց քննության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու նպատակով»: Այս մասին կառավարության նիստում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, երբ քննարկվում էր «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը ճանաչվեց անհետաձգելի:
Նախարարը հայտնեց, որ նախագծով ներդրվում է երկու ենթամասնագիտացում՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը:
Դատական իշխանության վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ քրեական մասնագիտացման դատավորները քննում են նաև այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը, կալանքի միջնորդություններին, խուզարկության թույլտվության միջնորդություններին:
«2019-ի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը դատարաններում քննվել են 275 կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված քրեական գործեր, իսկ դատախազությունը շուրջ 2228 քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ իրականացրել է հսկողություն: Վիճակագրությունը թույլ է տալիս ենթադրել, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության ծավալը դատական համակարգում 30 տոկոս աճի միտում ունի»,- ասաց Բադասյանը՝ նշելով, որ նախագծերի փաթեթն անհետաձգելի է, քանի որ դատավորների թվաքանակը չի բավարարում, իսկ դատավորների թվի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատմանը: «Նոր ընթացակարգով դատավորների ընտրությունը, բարեվարքության ստուգումը և այս ոլորտում մասնագիտացման ներդրումը կնպաստեն նրան, որ դատական ակտերն ավելի օբյեկտիվ լինեն, և հասարակության վստահությունն ավելի բարձր լինի»,- մասնավորապես ասաց Բադասյանը: