ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ամփոփում է 2020 թվականը: 

Ս․ Լավրովը, պատասխանելով «Շանթի» թղթակցի հարցին, նշել է, որ գերիների փոխանակման հարցը քննարկվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում, ինչպես նաև արտգործնախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում։ Գերիների հարցը քննարկել է նաև հունվարի 11-ին եռակողմ հանդիպման ժամանակ։ Սկզբնական շրջանում ավելի շատ խնդիրներ ունեին հայերը, ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ հայկական կողմը ոչ միանգամից և ոչ ամբողջական տարբերակով է ներկայացրել գերիների ցուցակը։ Այժմ կարևոր է այն հարցը, որը առաջացավ դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, երբ հայ զինծառայողների խումբ գերի ընկավ (62 հոգի)։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ տվյալ մարդկանց հարցը պետք է դիտարկել այլ համաձայնությամբ, քանի որ նրանք չեն ենթարկվում նոյեմբերի 9-ի համաձայնությանը։ Լավրովի խոսքով՝ ինքն ու Պուտինը ցանկանում են լուծել գերիների հարցը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Լավրովի խոսքով՝ պարզվել է, որ գերիների քանակը շատ ավելին է, քան 62-ը։ Այժմ դրանով զբաղվում են նաև խաղաղապահները։ Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, այն հիշատակված չէ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, քանի որ տարածքը, որտեղ տեղակայված են խաղաղապահները, պատկանում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտին։ Այժմ քննարկվում են տրանսպորտային հաղորդակցության, մարդկանց հումանիտար օգնության ցուցաբերման հարցերը։ Քանի որ կարգավիճակի խնդիրը հակասական է, 3 երկրների առաջնորդները որոշել են այդ հարցի կողքով անցնել և թողնել այն ապագայի համար, դրանով պետք է զբաղվեն նաև ՄԽ համանախագահները։ Ստատուսի հարցը արագ կլուծվի, եթե կարգավորվեն Ղարաբաղում էթնիկ և կրոնական համայնքերի հարցերը։ Ինչ վերաբերում է ԼՂ-ն ՌԴ-ի կազմի մեջ մտցնելու հարցին, ապա Ղարաբաղի անկախությունը ոչ ոք չի ճանաչել, այդ թվում նաև Հայաստանը, իսկ ՌԴ-ն նման մտքեր չունի, և ելնում է նրանից, որ այս տարածքի հետ կապված բոլոր հարցերը պետք է կարգավորվել առաջին հերթին ՀՀ-ի ու Ադրբեջանի կողմից։

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ Լավրովը նշել է, որ բոլոր համաձայնագրերում գրված է, որ ապահովվելու է կապ Հայաստանի ու Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով, որը լինելու է խաղաղապահների վերահսկողության տակ, տասնյակ տարիների բանակցությունների ընթացքում երբեք չի դրվել Հայաստանը Ղարաբաղից կտրելու հարցը։ Բացի այդ՝ կապ կհաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Ոչ մի պատճառ չկա խանգարելու հայերի և Ղարաբաղի հայերի շփումը, այն դեպքում, երբ հայ պաշտոնյաները ներգրավված են Ղարաբաղին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցում, և դա ոչ մի բացասական արձագանք չի ստանում Բաքվում։ Հայ պաշտոնյաների կողմից Ղարաբաղի շուրջ բավականին քաղաքականացված հայտարարություններ են արվում, ինչը լարվածություն է առաջացնում, և ավելի լավ է դրանից խուսափել։ Արդեն ականատես ենք եղել, թե ինչպես պատերազմից առաջ Ղարաբաղից հնչած էմոցիոնալ հայտարարությունները, ինչպես նաև «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» հայտարարությունը բացասական հետևանքներ են ունեցել, այդ պատճառով այժմ մեծ ջանքեր են գործադրվում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև շփումների ապահովման համար։ Հենց այդ պատճառով այժմ լավագույն ժամանակը չէ Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկման դնելու համար։

1161