
2007 թվականի այսօրը սպանվեց լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորական Հրանտ Դինքը: Նա հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։
Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, թիկունքից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալիս գոչել էր «գյավուր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։
Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում։ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի:
Ձեզ ենք ներկայացնում Հրանտ Դինքի վերջին հոդվածից մի հատված
Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման
«Կենաց մահու» ասվածը
Ամենեւին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները: Եղել են պահեր, որ լրջորեն մտածեմ երկրից հեռանալու մասին: Հատկապես այն ժամանակ, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս: Այդ պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել:
Ըստ երեւույթին հենց սա է «Կենաց մահու» ասվածը: Կարող էի հաշտվել իմ ճակատագրի հետ, սակայն հարազատներիս կյանքը վտանգելու իրավունքը չունեի: Կարող էի ինքս ինձ հերոսանալ, սակայն հերոսանալու համար հարազատը մի կողմ, նույնիսկ անծանոթի կյանքը վտանգել չէի կարող: Ահա այսպիսի անելանելի պահերին ապաստանեցի ընտանիքիս, երեխաներիս եւ ամենամեծ աջակցությունն էլ նրանցից ստացա: Ինձ վստահում էին: Ես որտեղ լինեմ, նրանք էլ լինելու էին այնտեղ:
Եթե ասեի՝ «Գնանք», գալու էին. «Մնանք»՝ կմնային:
Մնալ եւ դիմադրել
Շատ բարի, բայց ո՞ւր գնալ: Հայաստա՞ն: Ինչպես կարող էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինակությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մեծ փորձություններ էին սպասո՞ւմ:
Իսկ եվրոպական երկրներ գնալը ինձ համար չէր: Ի վերջո, ինձ նման երեք օրով Արեւմուտք մեկնելու չորրորդ օրը վերադառնալու մտահոգությամբ սրտնեղությունից տանջվող եւ իր երկիրը կարոտող մեկն ի՞նչ էր անելու Եվրոպայում:
Հարմարավետ կյանքն ինձ համար չէր
Նախ «դժոխքի կրակները» թողած «պատրաստի դրախտում» հանգրվանելը չէր համապատասխանում իմ էությանը:
Մենք դժոխքը դրախտի վերածելու հավակնության տեր էինք:
Թուրքիայում մնալը ե՛ւ մեր իսկական ցանկությունն է, ե՛ւ հարգանքից բխող անհրաժեշտություն ծանոթ-անծանոթ այն հազարավոր մարդկանց նկատմամբ, ովքեր Թուրքիայում ժողովրդավարության պայքար են մղում ու թիկունք կանգնում մեզ:
Շարունակելու էինք մնալ եւ դիմակայել
Եթե մենք ստիպված ճամփա բռնեինք… Ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915 թ.-ին… Մեր պապերը… Առանց իմանալու դեպի ուր… Քայլելով այն ճանապարհներով, ինչ ոտաբոբիկ իրենք են անցել… Տանջվելով եւ ապրելով նրանց վիշտը…
Ահա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք հայրենիքը: Գնալու էինք այնտեղ, որտեղ կտանեին մեր ոտքերը, այլ ոչ թե սիրտը կկամենար… Ուր էլ որ լիներ…
Հեղինակ՝ Ալինա Դավթյան