2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանը հայտարարեց, որ հայտնաբերվել է նոր վիրուսի տեսակ: Արդեն 2020 թվականի սկզբին կորոնավիրուս անվանումն ստացած նոր տեսակի հիվանդությունը տարածվեց նախ Չինաստանում, հետո արդեն՝ ամբողջ աշխարհում: Այն իր հետ բերեց մի շարք փոփոխություններ, որոնք ենթադրում էին տնտեսական խնդիրներից մինչև կենցաղային անհարմարություններ:

 

 Այսօր էլ, հետևելով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից հրապարակվող կորոնավիրուսի թվերին, ակնհայտ է, որ վերջինս դեռ չի նահանջում: Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի զանգվածաբար օգտագործումը հաստատվելուց հետո, ամերիկյան և եվրոպական մի շարք երկրներ անթիվ չափաբաժիններ են պատվիրում աղետից ազատվելու համար: Մինչ հասարակությունը քննարկում է՝ արժե՞ ներարկվել, թե ոչ, և մինչ աշխարհի երկրները որոշում են վերադառնա՞լ կարանտինին, թե մեղմացնել խստացումները, երկրները տնտեսական ճգնաժամի առաջ են կանգնում:

 

Զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրների մասին զրուցեցինք «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա»-ի ղեկավար Յաշա Սոլոմոնյանի հետ:

 

«Իրականում մեր սահմանները բաց են, այսինքն՝ ցանկացած մարդ կարող է գալ Հայաստան, ոչ մեկի համար դա խնդիր չէ, իսկ կարանտինն ավելի շատ ձևական բնույթ է կրում. սահմանափակումները հնարավորինս թեթևացված են: Մենք վերջերս հանդիպում ենք ունեցել էկոնոմիկայի նախարարությունում, որտեղ նախարարին փոխանցել ենք մեր մտահոգությունը այդ բառի հետ կապված, քանի որ առողջապահության նախարարին այդ հարցը ուղիղ չէինք կարող տալ։ Մեր ոլորտը, այսպես ասած, Էկոնոմիկայի նախարարությունն է, մենք մեր նախարարին այդ հարցադրումներն արեցինք՝ հույսով, որ ինքը դա կփորձի իր կոլեգայի հետ ճշտել, թե ինչ նպատակ ունի կարանտին անունը, կարող էր լինել սահմանափակում, կամ առհասարակ ամեն ինչ կարող էր լինել, բացի կարանտինից, որովհետև այն ձևական է: Ամեն ինչն այսպես ասած՝ հեշտացվել է, մասսայական հավաքույթներ կարելի է անել և այլն, որևէ սահմանափակում չկա, նաև ցամաքային սահմանափակում չկա. մարդիկ կարող են գալ Հայաստան: Հետևաբար՝ մեզ համար, անկեղծ ասած, անհասկանալի է կարանտին բառը: Դա այս պահին մեզ խանգարող միակ տերմինն է, քանի որ մեր դրսի տնտեսվարողները,- չէ որ կարանտինը իրավաբանական տերմին է,- այս պահին խուսափում են գործարքներ անել և այլն: Այս նրբություններն են, որոնք խանգարում են տուրիզմին»,- ասաց նա:

 

«Իհարկե, մյուս կողմից, անկեղծության համար ասենք, որ հենց կարանտին բառը հանեն, Հայաստանում չի ալեկոծվելու տուրիզմը: Մենք ինքներս էլ՝ որպես ոլորտի մասնագետ հասկանում ենք, որ մեզ ժամանակ է պետք, որովհետև նախ մենք պատերազմի միջով ենք անցել, ու հետպատերազմյան զարգացումներ կան, ու շատ պետություններում Հայաստանն այլևս դիտարկվում է ոչ ապահով գոտի. սա էլ լրիվ ուրիշ խնդիր է, այսինքն՝ այս ամենը հասկանալով, իհարկե, գիտակցում ենք, որ լուրջ շարժ չի գրանցվելու, բայց մյուս կողմից էլ, եթե կան տուրիզմի հոսքին խանգարող էլեմենտներ, ապա վերացնենք այդ դրանք: Կոպիտ ասած՝ մեր կողմից ինչ կարող ենք անենք, հետո տեսնենք՝ ինչպես է զարգանում վիճակը: Այս պահին, եթե անկեղծ, մեզանից շատ բան կախված չէ»,- ամփոփեց իր խոսքը պրն Սոլոմոնյանը:

 

Հեղինակ՝ Ալինա Դավթյան

726