
AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
Մեր զրուցակիցը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնի ուսանողուհի Նոննա Բաղդասարյանն է:
Նոննա, վստահ եմ, որ մեր հայրենակիցներից շատերը դեռևս չգիտեն, թե ինչ գործառույթներ են իրականացնում սոցիալական աշխատողները: Կասե՞ք, թե որոնք են դրանք:
Այո, շատ քչերն են տեղյակ, թե ով է սոցիալական աշխատողը և ինչ գործառույթներ է նա կատարում։
Մեր երկրում սոցիալական աշխատանք մասնագիտության դերային ընկալումը մի փոքր աղավաղված է և անձը, շատ ժամանակ, հստակ չի պատկերացնում այդ մասնագիտության էությունը։ Ես կցանկանայի նախ և առաջ բարձրացնել հասարակության շրջանում մարդկանց իրազեկվածությունը։
Միշտ դժվարացել եմ սոցիալական աշխատանքի սահմանումը տալ, քանի որ շատ լայն են սահմանումները, բայց կառանձնացնեմ այն, որ սոցիալական աշխատանքի նպատակն է իրավական, սոցիալական և հոգեբանական խորհրդատվության միջոցով օգնել խնդիրների մեջ հայտնված մարդկանց։ Սոցիալական աշխատանքը այն մասնագիտություններից է, որոնք կոչված ճանաչել հասարակության այս կամ այն խնդիրները և կանխել դրանք։ Սոցիալական աշխատանքի օբյեկտ է հանդիսանում մարդը, որն օգնության կարիք ունի, սոցիալական աշխատանքը մասնագիտություն է, որն օգնում է անհատին, խմբին, համայնքին՝ լուծելու սեփական սոցիալական հիմնախնդիրները՝ զարգացնելով սեփական կարողությունները և ուժեղացնելով դրանք։ Պետք է նշեմ, որ, ասելով սոցիլական հիմնախնդիրներ, բնակչությունը դրամական աջակցություն է ընկալում, սակայն պետք է հասկանալ, որ սոցիալական հիմնախնդիրները ավելի ընդգրկուն են։
Սոցիալական աշխատանքը մարդկանց տեղեկացնում է իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ուղղորդում է համապատասխան կառույցներ, որպեսզի իրենց խնդիրները գտնեն լուծում։ Սոցիալական աշխատանքը օգնում է մարդկանց, որպեսզի նրանք հարմարվեն միջավայրի առանձնահատկություններին և միջավայրը հարմարեցնեն իրենց կարիքներին։
Եվ կարող եմ ասել, որ, մեր երկրում տիրող այս ծանր իրավիճակից ելնելով, առավել կարևորվեց սոցիալական աշխատողի դերը Հայաստանում։ Քանի որ պատերազմի հետևանքով տուժած մեր արցախցիներին այս օրերին օգնել և աննկարագրելի աշխատանք են կատարել սոցիալական աշխատողները, որոնց մեջ ներառված էի նաև ես և հնարավորինս փորձել եմ աջակցություն ցուցաբերել նրանց։
Եվ վերջում նորից կնշեմ, որ շատ կարևոր է սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը, և պետությունը հիմա գնում է այդ ճանապարհով։
Մեր երկրում ո՞ր ոլորտներում կարող են իրենց աշխատանքային գործունեությունը ծավալել սոցիալական աշխատողները:
Այն, ինչ կապված է սոցիալական աշխատանքի հետ, անվերջ կարելի է խոսել այդ մասին, քանի որ սոցիալական աշխատանքը ուսումնասիրում է կյանքի տարբեր բնագավառներ, և շատ բազմազան են այն ոլորտները, որտեղ կարող են իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել սոցիալական աշխատողները։
Կասեմ, որ որտեղ կան մարդ-մարդ հարաբերություններ, այնտեղ կա սոցիալական աշխատանքի անհրաժեշտություն։ Սոցիալական աշխատանքի գործառույթներն իրականացվում են ամենատարբեր ոլորտներում՝ առողջապահական, դատական համակարգում, սոցիալական պաշտպանության ոլորտում, ինչպես նաև սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների կարիերան շարունակվում է ամենատարբեր ոլորտներում՝ հետազոտություններ, մարքեթինգ, բանկային գործ, կառավարում, տվյալների վերլուծություն, վիճակագրություն, մարդկային ռեսուրսներ և այլն։ Այսինքն՝ այն ոլորտներում, որտեղ պարտադիր է մարդ-մարդ հարաբերությունը՝ ծառայություն մատուցելու համար, ուրեմն սոցիալական աշխատողը իր անելիքներն ունի։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնում ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրել:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնում սովորելիս ուսումնասիրել եմ նախ և առաջ սոցիալական աշխատանքի զարգացման պատմություն, սոցիալական աշխատանքի հիմունքներ, սոցիալական աշխատանքի էթիկական հիմունքներ, հոգեբանական հիմունքներ, սոցիալական աշխատանքի տնտեսագիտություն, սոցիալական քաղակականություն, սոցիալական պաշտպանության համակարգը ՀՀ-ում, սոցիալական տեսություններ, սոցիալական աշխատանք խոցելի խմբերի հետ (երեխաներ, տարեցներ, հաշմանդամներ) և այլն։
Այս 4 տարիների ընթացքում մեր դասախոսական կազմը ջանք ու եռանդ չի խնայել մեզ սովորեցնել, թե ինչ կարևոր դեր ունի սոցիալական աշխատողը մեր երկրում, և արել են ամեն ինչ, որպեսզի մեզ տան որակյալ գիտելիքներ։
Մեզ մոտ շատ անմիջական և ընկերական միջավայր է, ունենք հիանալի երիտասարդ դասախոսական կազմ և դա էլ հենց ստիպում է մեզ չհոգնել և միշտ գնալ առաջ։
Ո՞ր առարկաներից է անհրաժեշտ քննություն հանձնել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի բաժին ընդունվելու համար:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժին ընդունվելու համար ես հանձնել եմ հայոց լեզու և անգլերեն՝ գրավոր, և մաթեմատիկա, որն այն ժամանակ ոչ մրցութային էր, հիմա տեղյակ չեմ՝ ինչ փոփոխություններ են կատարվել ընդունելության քննություններում։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր (PR)» ծրագրի շրջանակներում ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրել:
Մեր ուսումնական պլանը այնպես էր, որ 3-րդ կուրսի համար պետք է ընտրեինք 2 ուղղություններից մեկը, այսինքն՝ առաջինը սոցիալական տեխնոլոգիաներն էին, երկրորդը՝ սոցիալական աշխտանք ընտանիքների հետ։ Ես ընտրեցի սոցիալական տեխնոլոգիաներ՝ նույն PR (հասարակայնության հետ կապեր)։ Ընտրեցի դա, քանի որ միշտ հետաքրքրված եմ եղել հասարակական կարծիքով։ Այս ընթացքում ուսումնասիրել եմ հասարակայնության հետ կապերի հիմունքներ, սոցիալական գովազդ, սոցիալական տեխնոլոգիաներ, PR քրեստոմատիա։
Նոննա, ի՞նչ թեմայի շուրջ եք պատրաստվում գրել Ձեր դիպլոմային աշխատանքը:
Դիպլոմայինիս թեման լինելու է «2020 թ-ին Արցախում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների հետ սոցիալական աշխատանքի զարգացման հնարավորությունները ՀՀ-ում»։ Ընտրել եմ այս թեման, քանի որ այս իրավիճակում հետաքրքրությունս շատ մեծ էր այդ թեմայի նկատմամբ և մեծ ցանկություն ունեմ ապահովել զինծառայողների սոցիալական ապահովությունը Հայաստանում։ Իսկ եզրահանգումները կանեմ, երբ ավարտեմ աշխատանքս:
Ի՞նչ եք կարծում, այսօր Հայաստանում հասարակայնության հետ կապերի (PR) կարևորությունն ըստ արժանվույն գնահատվու՞մ է գործատուների կողմից: Եվ, առհասարակ, հասարակությունը պատկերացնու՞մ է, թե ինչ է PR-ը:
PR ( հասարակայնության հետ կապեր) հասկացությունը դասվում է ամենանորաձև, պահանջված և կիրառվող հասկացությունների շարքին։ PR մասնագետների կարիք զգում են ինչպես ՀՀ պետական կառույցները, այնպես էլ մասնավոր կազմակերպությունները և այո, իմ կարծիքով, PR-ը ՀՀ-ում գնահատվում է գործատուների կողմից, քանի որ եթե կան կառույցներ՝ մասնավոր և պետական, պետք է լինի նաև դրանց նկատմամբ վստահություն հասարակության կողմից, և կառույցները պետք է ունենան հեղինակություն հասարակության շրջանում։
Սակայն, իմ կարծիքով, հասարակության պատկերացումները PR-ի նկատմամբ շատ մակերեսային են։ Մարդիկ հաճախ PR-ը շփոթում են բրենդինգի, գովազդի, մարքեթինգի հետ։ Սակայն դրանք PR-ի ենթաոլորտներ են։
Մեր օրերում շատ երիտասարդներ են ցանկանում PR սովորել: Նրանց ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք:
Միանշանակ խորհուրդ կտամ փորձել, քանի որ իսկապես շատ հետաքրքիր և օգտակար գիտելիքներ է տալիս այդ մասնագիտությունը։ Եթե կա ցանկություն, ապա ամեն ինչ կստացվի։ Ամենակարևորը պետք է իմանալ՝ միայն կարդալ, կարդալ և կրկին կարդալը կօգնի հասնել որևէ հաջողության մասնագիտական ոլորտում և ամենուր։
Ի՞նչ քննություններ է անհրաժեշտ հանձնել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր (PR)» մագիստրատուրա ընդունվելու համար:
Ես դեռ սովորում եմ բակալավրիատի 4-րդ կուրսում։ Այս տարի ավարտում եմ և մագիստրատուրայում ցանկանում եմ սովորել PR (Հասարակայնության հետ կապեր) մագիստրոսական ծրագրում։ Քանի որ արդեն նշեցի,որ սիրում եմ ուսումնասիրել հասարակական կարծիքը և ինչու ոչ՝ ձևավորել կամ փոխել այն։ Իսկ ինչ վերաբերում է մագիստրատուրայի ընդունելության քննություններին, ճիշտն ասած՝ դեռ չգիտեմ հստակ։
Եթե հիմա Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր, ո՞ր համալսարանում և ի՞նչ մասնագիտությամբ կուզենայիք սովորել:
Ես փոքրուց միշտ երազել եմ Մայր բուհի ուսանող լինելու մասին և ինձ համար մեծ պատիվ է լինել Մայր բուհի ուսանողուհի և այս տարի նաև՝ Մայր բուհի շրջանավարտ։
Երբ ընդունվում էի սոցիալական աշխատանքի բաժին, չեմ թաքցնի և կասեմ, որ այդքան էլ լավ չեմ պատկերացրել, թե ինչ մասնագիտություն է դա։ Ուղղակի լսելով լավ կարծիքներ այդ մասնագիտության մասին՝ ցանկություն ունեցա ընդունվել այդ բաժին։
Սակայն հիմա, երբ արդեն լիովին հասկանում եմ սոցիալական աշխատանքի էությունը և սոցիալական աշխատողի գործունեությունը, չեմ պատկերացնում, որ կընտրեի մեկ այլ մասնագիտություն։ Ես ինձ պատկերացնում եմ միայն սոցիալական աշխատողի դերում, քանի որ սիրում եմ օգնել մարդկանց, որոնք ունեն իմ կարիքը, և քանի որ շատ եմ սիրում մասնագիտությունս և ինչպես ասում են՝ այն, ինչ սիրելով ես անում, անպայման կստացվի:
Այնպես որ՝ եկեք սոցիոլոգիա, քանի որ սոցիոլոգիան այն մասնագիտություններից է, որոնք մարդկային բնավորություն են ստեղծում։
ԱմենաաՍեր ֆակուլտետը սպասում է ձեզ:
Օլյա Շահինյան