Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ապագան հիմնված է լինելու անկախության, պետականության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման ռազմավարության վրա։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է Reuters-ին։
«Մենք շարունակելու ենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը՝ իհարկե մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ, որովհետև, ինչպես գիտեք, Եվրամիությունը մեր հիմնական գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում, և մենք շարունակելու ենք այդ ուղին։
Ինչպես գիտեք, ես հայտարարել եմ, և մենք արդեն համապատասխան օրենք ունենք, որ Հայաստանը բարեփոխելու ենք՝ ձգտելով այն համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին։ Դա մեր առաջիկա ռազմավարական նպատակն է»,- ասել է վարչապետը։
Նա նշել է, որ դրանից հետո եթե Հայաստանը լիովին և անկեղծորեն համապատասխանի Եվրամիության չափանիշներին, կունենա երկու հնարավոր սցենար՝ առաջինը՝ Եվրամիությունը կընդունի Հայաստանին որպես լիիրավ անդամ, երկրորդը՝ Եվրամիությունը չի ընդունի Հայաստանին որպես լիիրավ անդամ, քանի որ դա կախված է բազմաթիվ քաղաքական հանգամանքներից։ Օրինակ՝ Եվրամիությունը կարող է որոշել, որ չի ցանկանում ընդլայնվել․ դա հնարավոր է․ «Բայց ցանկացած դեպքում մենք շահելու ենք, որովհետև նույնիսկ երկրորդ սցենարի պարագայում կունենանք եվրոպական չափանիշներին լիովին համապատասխանող երկիր»։
Վարչապետը նաև խոսել է Եվրամիության և Ռուսաստանի հետ հարաբերությունների հավասարակշռման մասին։ «Դուք գիտեք, որ մենք վարում ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն և ցանկացած դեպքում շարունակելու ենք այդ մոտեցումը»,- ասել է նա։
Հարցին, թե ինչ ակնկալիք ունի քվեարկության արդյունքներից, նա նշել է, որ ակնկալիքն ազատ, ժողովրդավարական ընտրություններն են և ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։