Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Ստեփանավանի բնակիչ Ա.Ո.-ն խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության, ինչպես նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ 2026 թվականի հունիսի 5-ին տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ֆեյսբուքյան իր էջում կատարել է սեռական բնույթի հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ պարունակող հրապարակում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Ա.Ո.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Վերջինս ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

89