Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Անկախ դիտորդ» դաշինքը շուրջ 700 հոգանոց դիտորդական առաքելության կազմով առավոտյան ժամը 7-ից իրականացնում է դիտորդություն Հանրապետության ամբողջ տարածքում։ Այս պահին գործում են 300 շրջիկ խմբեր և 30-ից ավելի արագ արձագանքման խմբեր, որոնք այցելել են, 10։30-ի դրությամբ, 860 ընտրատեղամաս, կամ տեղամասերի ընդհանուր թվի շուրջ 43 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

 

Տեղամասերի 72 տոկոսում առավոտյան ուղիղ ժամը 7-ին արդեն ընտրական հանձնաժողովները եղել են տեղում։ Տեղամասերի 93 տոկոսում առավոտյան նիստում՝ ժամը 7-8-ի միջակայքում, որևէ խնդիր կամ խախտում չի եղել։ Տեղամասերի 89 տոկոսում ժամը 8։00-ին տեղամասը բացվել է և սկսվել է քվեարկությունը, իսկ մնացյալում տեղամասերը բացվել են 5 րոպե ուշ կամ շուտ, որպես կանոն՝ ուշ։

 

Տեղամասերի 90 տոկոսում 0-ական կտրոնը էլեկտրոնային գրանցման սարքից տպվել է ուղիղ ժամը 8-ին։

Տեղամասերի կահավորման հետ կապված՝ 81 տոկոսում կահավորման խնդիր չի եղել, 4 տոկոսում լուսավորության խնդիր է եղել, 4․5 տոկոսում տեղեկատվական պաստառների խնդիր է եղել, օրինակ՝ քվեարկության կարգի պաստառների և այլ պաստառների բացակայություն, 11 տոկոսում կահավորման այլ խնդիրներ են եղել։ Բնականաբար, այս թվերի հանրագումարը կարող է 100 չլինել, որովհետև կարող են լինել տեղամասեր, որտեղ մի քանի տարբեր խնդիր է լինում։

10։30-ի դրությամբ տեղամասերի տեսախցիկների 98 տոկոսը պատշաճ աշխատում է, և զանգվածային խնդիրներ չեն արձանագրվել։

 

Առավոտյան խնդիրներ են նկատվել որոշ տեղամասերում՝ կապված էլեկտրոնային գրանցման սարքերի կողմից տպվող կտրոնների վրա ընտրողի՝ ցուցակում հերթական համարի անհամապատասխանության մասով։ Դրանք, ըստ էության, մեծ խնդիրներ չեն և չեն ազդում ընտրական գործընթացի վրա, սակայն լրացուցիչ անհարմարություններ են ստեղծում ընտրական հանձնաժողովի համար, քանի որ նրանք սովոր են հենց այդ թվով գտնել ցուցակում ընտրողին, իսկ այժմ գործընթացը երկարում և դանդաղում է։

 

Թիվ 9/51 տեղամասում դա հանգեցրել էր նրան, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր ժամը 8-ից 8։40-ի ընթացքում դադարեցնել քվեարկության գործընթացը, որի հետևանքով եզակի ընտրողներ չեն սպասել և

նույնիսկ հեռացել են։

 

Որոշ տեղամասերից ունենք ահազանգեր, որ քվեարկության ծրարները պատշաճ չեն քողարկվում, և լուսաթափանցելիության մակարդակն անընդունելի է։ Ուշադիր նայելու դեպքում երբեմն հնարավոր է տեսնել ներսում դրված քվեաթերթիկը։ Սա, սակայն, ամեն տեղ չէ։ Առերևույթ այս պահին կարող ենք ասել, որ տարբեր ընտրատեղամասերում տարբեր ծրարներ են՝ տարբեր խմբաքանակների։ Այս ուղղությամբ պարզում ենք։ Պարզում ենք նաև, թե էլեկտրոնային գրանցման սարքերի ցուցակների հերթական համարների անհամապատասխանության խնդիրները ընտրատեղամասերի քանի տոկոսում են։

 

Բազմաթիվ տեղամասերում նկատել ենք վստահված անձանց շապիկների և հագուստի վրա քարոզչանյութեր՝ կուսակցությունների անուններով, համարներով, գլխարկներով, կրծքանշաններով։ Որպես կանոն՝ կրծքանշանները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասով են, իսկ շապիկներինը՝ հիմնականում այլ կուսակցությունների։

 

Բոլոր նման դեպքերում միջոցներ ենք ձեռնարկում, որ նման անձինք կա՛մ հանեն այդ պարագաները, կա՛մ դուրս գան և փոխվելուց հետո վերադառնան։ Խոսքը հիմնականում վստահված անձանց մասին է։

 

Մենք շարունակում ենք իրականացնել դիտորդությունը «Անկախ դիտորդ» դաշինքի կազմով։ Հաջորդ ճեպազրույցը՝ ամփոփ տվյալներով, տեղի կունենա ժամը 14։00-ին»,- ասվում է հաղորդագրությունում։

97