Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը հաստատել է Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը։ Որոշման նպատակն է հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունները։

Ըստ այդմ՝ առաջարկվում է շահառուների լոգոպեդական, հոգեբանական, էրգոթերապևտիկ, կինեզիոլոգիական կամ ադապտիվ ֆիզկուլտուրա, հատուկ մանկավարժի, սուրդոմանկավարժական, տիֆլոմանկավարժական ծառայությունները, ինչպես նաև՝ տնային պայմաններում խնամքի ծառայությունը, տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց պետական հավաստագրերի միջոցով։ Հավաստագրերի միջոցով ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք նախապատրաստական աշխատանքներ (համագործակցության պայմանագրերի կնքում և այլն), ինչպես նաև ստեղծել անհրաժեշտ տեղեկատվական համակարգ, ապահովել այլ տեղեկատվական համակարգերի հետ կապը և այլն։ Հավաստագրի ստացումը իրականացվելու է միայն առցանց եղանակով՝ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական e-social համակարգի «Հավաստագրեր» («e-voucher») ենթահամակարգի միջոցով։

Սահմանվել է, որ եթե շահառուի նախընտրած ծառայության գինը բարձր է հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված սոցիալական ծառայությունը` վճարելով արժեքի տարբերությունը:

Սահմանվել են նաև խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման ծավալները, ժամկետները՝ հիմք ընդունելով ոլորտային մասնագետների կարծիքները, շուկան և միջազգային փորձը։ Պետական հավաստագրերով ծառայությունների տրամադրումը կապահովի նաև համայնքներում կազմակերպությունների թվի ավելացումը, ծառայությունների որակի բարելավմանը, հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձին ապրելու իր տանը և իր համայնքում։

Ծառայությունների ներդրումը նախատեսվում է իրականացնել փուլային եղանակով։ 2028 թ.՝ I փուլով, հավաստագրային մեխանիզմով նախատեսվում է ընդգրկել 0–5 տարեկան երեխաների, 2029 թ.՝ II փուլով՝ 6–24 տարեկան անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունները, 2030 թ.-ից նախատեսվում է հավաստագրային մեխանիզմով տրամադրել բոլոր թիրախային խմբերի ծառայությունները՝ 0–5 (ներառյալ), 6–24 (ներառյալ), 25 տարեկանից բարձր անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունները, ինչպես նաև տնային խնամքը։ Հիմնավորման համաձայն՝ ներկայումս իրականացվում է ապաինստիտուցիոնալացման խթանմանն ուղղված ծառայությունների համակարգի մոդելավորում, կսահմանվեն ապաինստիտուցիոնալացման սկզբունքները և դրան միտված քաղաքականության ուղղությունները։ Ներկայումս մշակման փուլում է ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզը, որի շրջանակներում պետք է ընդլայնվեն և զարգանան համայնքահեն ծառայությունները։

174