Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կարևոր միջազգային ձեռքբերում է գրանցել՝ դառնալով Հայաստանում առաջին համալսարանը, որի կրթական ծրագիրը միացել է CFA Institute-ի Համալսարանական համագործակցության ծրագրին (University Affiliation Program)։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը

CFA Institute-ը ներդրումային մասնագետների համաշխարհային առաջատար կազմակերպությունն է, որը սահմանում է մասնագիտական գերազանցության և էթիկական վարքագծի չափանիշները ֆինանսական ոլորտում։ Աշխարհում գործում են ավելի քան 200,000 CFA այսպես կոչված՝ Charterholder-ներ՝ 164 երկրներում, իսկ CFA որակավորումը համարվում է ներդրումների և ֆինանսների ոլորտի ամենահեղինակավոր մասնագիտական հավաստագրերից մեկը։

Ըստ Modex խորհրդատվական ընկերության հրապարակման, մեկ միլիոն բնակչի հաշվով CFA սերտիֆիկատ ունեցող մասնագետների թվով Հայաստանը առաջատար է ԱՊՀ-ում։CFA Institute-ի կողմից իրականացված համապարփակ գնահատման արդյունքում ՀՊՏՀ-ի «Ֆինանսներ» բակալավրի կրթական ծրագիրը ճանաչվել է որպես CFA Program-ի բովանդակությանն էականորեն համահունչ ծրագիր՝ ապահովելով ուսանողների պատրաստվածությունը ֆինանսների, ներդրումների, բանկային գործի և կապիտալի շուկաների ոլորտներում հետագա մասնագիտական զարգացման համար։

CFA Institute-ը բարձր է գնահատել ծրագրի համապատասխանությունը մի շարք առանցքային ուղղություններով, այդ թվում՝ մասնագիտական էթիկայի, քանակական մեթոդների, տնտեսագիտության, ֆինանսական հաշվետվությունների վերլուծության, կորպորատիվ ֆինանսների, բաժնային և պարտատոմսային ներդրումների, ածանցյալ գործիքների և ներդրումային պորտֆելների կառավարման ոլորտներում։

Հավատարմագրումը ՀՊՏՀ-ին հնարավորություն է տալիս միանալ CFA Institute-ի գործընկեր համալսարանների միջազգային ցանցին, որի անդամ են աշխարհի առաջատար բուհերը, որոնք պատրաստում են ֆինանսների և ներդրումների ոլորտի մասնագետներ։ Համալսարանական համագործակցության ծրագրին միանալու կարևորագույն առավելություններից է CFA Institute-ի ուսանողական կրթաթոշակներին հասանելիությունը։

2026 թվականի համար ՀՊՏՀ-ին հատկացվել է 3 CFA Program Student Scholarship, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին արտոնյալ պայմաններով մասնակցել CFA ծրագրին և սկսել իրենց ճանապարհը դեպի աշխարհի ամենահեղինակավոր ֆինանսական մասնագիտական որակավորումներից մեկը՝ Chartered Financial Analyst (CFA)։

CFA Program Student Scholarship կրթաթոշակը նվազեցնում է CFA քննության գրանցման վճարը մինչև 600 ԱՄՆ դոլար և ազատում է ծրագրին միանալու միանվագ վճարից, ինչը նոր թեկնածուների համար ապահովում է շուրջ 1000 ԱՄՆ դոլարի արտոնություն։ՀՊՏՀ-ի անդամակցությունը CFA Institute University Affiliation Program-ին վկայում է համալսարանի հանձնառությունը՝ ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն և պատրաստելու մրցունակ մասնագետներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի համար։

167