Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 22-ի առավոտյան Շվեյցարիայի Բուրգենշտոկ հանգստավայրում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը։ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ կողմերը համաձայնության են եկել 60-օրյա գործողությունների ծրագրի շուրջ, որը նպատակ ունի դադարեցնել Մերձավոր Արևելքում հակամարտությունը և հիմք ստեղծել երկարատև խաղաղության համար։

ԱՄՆ-ն բանակցություններին ներկայացրել են փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, ինչպես նաև Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Իրանի պատվիրակության կազմում էին խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության համաձայն՝ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի շրջանակում անցկացված բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են մի շարք առանցքային հարցեր։ Ձեռք բերված 60-օրյա ծրագիրը կդառնա երկու երկրների միջև անհապաղ տեխնիկական բանակցությունների մեկնարկի հիմքը։

Պայմանավորվածությունների շրջանակում Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել են Լիբանանում ստեղծել «լռեցման համակարգման կենտրոն», որը միջնորդների աջակցությամբ և վերահսկողությամբ պետք է ապահովի ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագրի լիարժեք կատարումը։

Կողմերը նաև որոշել են հաստատել ուղիղ հաղորդակցության գիծ՝ լարվածության անկանխատեսելի սրումը, ծովային միջադեպերն ու թյուրըմբռնումները կանխելու նպատակով։ Նախատեսվում է այդ կերպ ապահովել նաև Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ և անխոչընդոտ նավարկությունը։

Բանակցությունների արդյունքներն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գնահատել է որպես «կարևոր քայլ դեպի առաջ»։ Նրա խոսքով՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ ձեռք են բերվել բեկումնային պայմանավորվածություններ, որոնք ներառում են պատժամիջոցների և շրջափակման վերացում, Իրանի նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման վերականգնում, իրանական ակտիվների ապաշրջափակում, արտասահմանում սառեցված միջոցների օգտագործման վերսկսում, ինչպես նաև Թեհրանի վերակառուցման և զարգացման լայնածավալ ծրագրի մեկնարկ։

Համատեղ հայտարարության համաձայն՝ թեև բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթավերջ՝ Բուրգենշտոկում։ Մասնագետները կաշխատեն ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասների շուրջ՝ ապահովելու խաղաղության գործընթացի հաջորդ փուլը։

91