Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է տարածաշրջանային համագործակցությանը՝ նշելով, որ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում արձանագրված որոշ մարտահրավերներից հետո այժմ նկատվում են դրական միտումներ։

Դեսպանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումները կարող են նպաստել նոր գաղափարների և ծրագրերի առաջմղմանը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանը։

Շիրղոլամինը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական ու էներգետիկ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանի հնարավորությունները կարող են Հայաստանը դարձնել էներգետիկ տարանցման կարևոր կենտրոն։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը մի կողմից հարևան է Իրանի Իսլամական Հանրապետությանը, որը նավթի և գազի պաշարների ծավալներով աշխարհում առաջատար երկրներից է, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանին, որը նույնպես էներգետիկ ոլորտում ազդեցիկ դերակատար է, այս ներուժի համադրումը կարող է Հայաստանը վերածել էներգետիկ ոլորտում յուրահատուկ տարանցիկ օղակի»,- նշել է դեսպանը։

Նա ընդգծել է, որ եթե կողմերը ցուցաբերեն անհրաժեշտ քաղաքական կամք և գործնական քայլեր, Հայաստանը կարող է կարևոր դեր ստանձնել ոչ միայն էներգետիկ տարանցման, այլև տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման գործում։

Դեսպանի խոսքով՝ այս ուղղությամբ արդեն կան նոր գաղափարներ և ծրագրեր, որոնք դեռևս գտնվում են քննարկման փուլում, իսկ առաջիկայում հնարավոր են ավելի մանրամասն քննարկումներ մասնագետների մակարդակով։

84