«Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ ակադեմիկոս Աշոտ Օհանյանը ընթերցեց Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ուղերձը, որում ասվում է:

 

«Սիրելի Հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք,

Շնորհակալ եմ հրավերի համար և նաև այս խոսքի հնարավորությունն ընձեռելու համար: Ես տեսնում եմ այստեղ մեր ժողովրդի այնպիսի ներկայացուցիչների, ովքեր մտահոգ են իրենց երկրի վիճակով, տեսնում են, որ վտանգված է հայրենիքը, վտանգված է պետականությունը:

Գիտենք, որ բոլոր ժամանակներում հայի ինքնությունը պահել և պահպանել է մեր մշակույթը, լեզուն և  կրոնը: Դրանք այն հիմքային քաղաքակրթական արժեքներն էին, որոնց հետ համադրվելով մեր մյուս հատկություններն ու արժանիքները պայմանավորել են մեր գոյությունը հազարամյակներ ի վեր: Առանց այդ արժեքների այսօր մենք չէինք ունենա մեր տեղը աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Ուրեմն առավել քան կարևորում եմ մշակույթի, գիտության, կրթության, եկեղեցու մեր գործիչների այսպիսի միասնությունը համատեղ հանդես գալու այս նախաձեռնությամբ:

Սակայն ստեղծած իրավիճակից պատվով դուրս գալու համար մենք պարտավոր ենք համախմբվել ազգովի և օգտագործել մեր հասարակության առողջ ուժերի բոլոր ոլորտների պրոֆեսիոնալ և հեղինակավոր ներկայացուցիչների ամբողջական ներուժը: Մենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից և Արցախից այն, ինչ մնացել է, ապահովել պետության և նրա կառավարման  համակարգի կայունությունը, զարգանանք արագ տեմպերով և հիմքեր ստեղծենք, կորցրածը արագ վերականգնելու համար:

Սիրելի ներկաներ, վստահ եմ, որ գիտեք, թե որն է իմ նպատակը, որն է իմ երազանքը: Ես իմ հայրենիքին տվել և շարունակում եմ տալ, իմ պարտքը՝ որպես հայկական բանակի սպա: Ես չեմ հետապնդում որևէ անձնական նպատակ, այսօր հասունացել է մի իրավիճակ, որ պետք է բոլորս վեր կանգնենք  մեր նեղ անձնական, քաղաքական և այլ շահերից եթե այդպիսիք կան, և բռունցք դարձած մեկ մարդու պես մտածենք և գործենք:

Ես վստահ եմ, եթե մեր ազգի ճանաչված և հեղինակավոր ներկայացուցիչներ միասնական ոտքի կանգնեն, այսօրվա խնդիրների լուծման վերաբերյալ   ձևակերպեն իրենց միասնական դիրքորոշումը, գործողությունների հաջորդականությունն ու պլանը և համատեղ կոչով հանդես գանք ժողովրդի առաջ, ապա այդ նույն ժողովրդի առողջ հատվածը մեծ ոգևորությամբ կհամախմբվի նրանց շուրջ, կտա ոգու մի հսկայական ուժ, որի առջև չի դիմանա և ոչ մի ապիկար իշխանություն: Դրանից հետո միայն կստեղծվի հնարավորություն, որպեսզի մենք անցնենք մեր բուն գործին: Ուրեմն եկեք գիտակցենք, որ հենց մեզնից է կախված մեր պետության  և ժողովրդի ճակատագիրը: Հիշենք, որ այսօրվա մեր թշնամին ինչպես միշտ նենգ է և վախկոտ, նա հենց այսպիսի միասնությունից է վախենում: Եթե հապաղենք կամ թերանանք մեր անելիքում, ապա հետևանքը կլինի լիակատար կործանում: Աստված պահապան մեզ և մեր սերունդներին»: 

25 Հունվար, 2021 19:51
1313
; ;