Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է առայժմ հետաձգել Իրանի նկատմամբ ամերիկյան ռազմական ճնշման կտրուկ ուժեղացման ծրագրերը։
The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ որոշումն ընդունվել է հուլիսի 24-ին կայացած հանդիպումից հետո, որին մասնակցել են նախագահի ավագ խորհրդականներն ու վարչակազմի առանցքային անդամները։
Թերթի տվյալներով՝ որոշման պատճառներից մեկը մտահոգությունն է, որ հնարավոր էսկալացիան կարող է սպառել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան այլ ՀՕՊ միջոցների հրթիռային պաշարները։ Բացի այդ, Սպիտակ տանը մտավախություն ունեն, որ հակամարտության ընդլայնումը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի խորացմանը, Պարսից ծոցի կարևոր դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացմանը, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ համաշխարհային տնտեսության վրա։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի շրջապատում միայն քչերն են աջակցել ռազմական գործողությունների ընդլայնման գաղափարին։ Բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ նոր հարվածները, հավանաբար, չեն ստիպի Իրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, այլ հակառակը՝ կնպաստեն երկրի ներսում համախմբմանը արտաքին սպառնալիքի պայմաններում։