Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը մեկնաբանել է Հայաստանում տվյալների կենտրոն ստեղծելու ծրագրերը՝ նշելով, որ այն կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ թվային ենթակառուցվածքի տարածաշրջանային տարր։
Ըստ նրա՝ խոսքը պարզապես տվյալների պահպանման օբյեկտի մասին չէ։ Կենտրոնը կարող է օգտագործվել արհեստական բանականության համակարգերի և այլ ծրագրերի աշխատանքի համար։
«Այս ծրագրերի կառավարումը, ինչպես նախկինում, իրականացվելու է ԱՄՆ-ից: Հայաստանը հանձն է առնում ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարումը և այլ տեխնիկական միջոցներ, որոնք ապահովում են դրանց գործունեությունը»,- նշել է Զուլֆուգարովը։
Նրա կարծիքով՝ ամերիկյան ներդրումները կարող են իրականացվել երկու հիմնական ուղղությամբ՝ տվյալների կենտրոնի սարքավորումների տեղադրման և սպասարկման, ինչպես նաև դրանց էներգամատակարարման համար մոդուլային ատոմային էլեկտրակայանների կառուցման նպատակով։ Զուլֆուգարովը նշել է, որ առաջին փուլում անհրաժեշտ էլեկտրաէներգիան կարող է ստացվել գործող Հայկական ատոմային էլեկտրակայանից, որը կառուցվել է խորհրդային տարիներին։
Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավարը նաև հայտարարել է, որ այսպիսով ԱՄՆ-ն, իր գնահատմամբ, փաստացի առաջ է անցել Ռուսաստանից և Ֆրանսիայից, որոնք նախկինում դիտարկվում էին որպես Հայաստանի համար նոր ատոմային գեներացիայի նախագծերի հնարավոր մատակարարներ։