Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առաջին հայացքից օրինական թվացող հրաձգարան, որտեղ պարբերաբար անցկացվում էին պարապմունքներ՝ կիրառելով տարբեր զինատեսակներ։ Սակայն իրական պատկերը բոլորովին այլ էր։

«ՔՈԳՎ Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Եղվարդ քաղաքի տարածքում գտնվող կազմակերպություններից մեկը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ առանց համապատասխան թույլտվության իրականացնում է հրաձգության պարապունքներ, որի ընթացքում այցելուներին տրամադրում է ապօրինի պահվող զենք-զինամթերք»,- նշել է ՆԳՆ ՔՈԳՎ Կոտայքի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Վահան Մանուկյանը։

Կոտայքի քրեական ոստիկաններն ու Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն անմիջապես գործի են անցել։ Համատեղ իրականացված ծավալուն միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Պարզվել է, որ Եղվարդի բնակիչ 51-ամյա տղամարդը տևական ժամանակ հրաձգարանի այցելուներին ապօրինի պահվող զենք-զինամթերք է տրամադրել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Շուրջօրյա հսկողություն է սահմանվել կազմակերպության նկատմամբ։ Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ խուզարկություն է իրականացվել նշված կազմակերպության տարածքում, որի արդյունքում հայտնաբերվել են մեծաքանակ ապօրինի պահող զենք-զինամթերք»,- նշել է Վահան Մանուկյանը։

Հրաձգարանի տարածքում հայտնաբերվել են ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի և տրամաչափի 2210 փամփուշտ, հակահետևակային ականներ, մարտական գլխիկներով ականանետեր և այլ զինամթերք։ Եղվարդի բնակիչ 51-ամյա տղամարդը և ևս մեկ անձ ձերբակալվել է։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավվման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության թիրախային աշխատանքը շարունակվում է։

76