Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և խորացմամբ, սակայն տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո այդ հարաբերությունները պետք է դիտարկել նոր իրավիճակի համատեքստում։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի և տարածաշրջանի շուրջ իրավիճակը փոխվել է։ Եթե հակամարտության պայմաններում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլ նշանակություն ունեին, ապա այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, անհրաժեշտ է իրավիճակին «թարմ հայացքով» մոտենալ։

«Կարծում եմ՝ դա կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացում և զարգացում։

Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանում գործող ռուսական ընկերություններին։ Նրա խոսքով՝ բազմաթիվ ռուսական ընկերություններ հաջողությամբ գործում են Հայաստանում, շահույթ են ստանում և հարկեր վճարում։ Միաժամանակ կան ընկերություններ, որոնք շահութաբեր չեն և չեն զարգանում։ Փաշինյանի գնահատմամբ՝ սա խնդիր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար, և անհրաժեշտ է քննարկել այդ ընկերությունների հետ կապված հարցերն ու նրբությունները։

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենքին՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը վերլուծել է ինչպես Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորող պայմանագրային բազան, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում գործող իրավական հիմքերը և որևէ խախտում չի հայտնաբերել։

«Մենք, անկեղծ ասած, չենք գտել Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Հայաստանի ունեցած պարտավորությունների որևէ խախտում»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ պայմանագիրը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի անդամ պետությունը միությունից դուրս գալու որոշման դեպքում։ Մասնավորապես, այդ մասին գործընկերներին պետք է տեղեկացնել վեց ամիս առաջ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը մինչ այժմ չի տեղեկացրել իր գործընկերներին ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին։

Փաշինյանը նաև նշել է, որ ԵԱՏՄ պայմանագրում չկա կարգավորում, որը հնարավորություն կտա անդամ պետությանը հեռացնել կազմակերպությունից։

Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը չի նշանակում, որ Հայաստանը որոշել է դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Նա հիշեցրել է, որ օրինագիծը նախաձեռնել էր քաղաքացիական հասարակությունը՝ ստորագրություններ հավաքելու միջոցով։

Եթե խորհրդարանը չընդուներ օրենքը, նախաձեռնողները կարող էին հավաքել ևս 250 հազար ստորագրություն, որից հետո, խորհրդարանի կողմից երկրորդ մերժման դեպքում, պետք է անցկացվեր հանրաքվե։ Փաշինյանի խոսքով՝ օրենքի ընդունմամբ փաստացի հրաժարվել են հանրաքվեի գաղափարից, քանի որ հարցը դեռևս այն մակարդակի չէր հասունացել, որ հնարավոր լիներ այն հստակ ձևակերպել և ներկայացնել հանրությանը։

Փաշինյանը շեշտել է, որ օրենքի ընդունման կարևոր նպատակներից մեկը Հայաստանի և հայ ժողովրդի համար այլընտրանքներ ունենալու հնարավորությունն է։

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկիրը և մեր ժողովուրդն ունենան այլընտրանքներ։ Կարծում եմ՝ սա լեգիտիմ նպատակ է»,- ասել է վարչապետը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ գործընթացը Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի դեմ ուղղված քայլ չէ։

«Սա Ռուսաստանի դեմ չէ, Եվրասիական տնտեսական միության դեմ չէ։ Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները»,- հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կարևոր են Հայաստանի համար, և Երևանը հույս ունի, որ դրանք կարևոր են նաև Մոսկվայի համար։ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների հարաբերություններին պետք է շատ զգույշ վերաբերվել՝ ընդգծելով, որ ինքը և Հայաստանի կառավարությունը հենց այդպես էլ վերաբերվում են դրանց։

Միաժամանակ վարչապետը նշել է, որ Հայաստանը հասկանում է՝ կարող է գալ ժամանակ, երբ անհրաժեշտ կլինի շատ կոնկրետ ընտրություն կատարել։ Սակայն, նրա գնահատմամբ, այդ պահը դեռ չի հասունացել։

«Այս պահին այդ ժամանակը չի հասունացել, որովհետև փաստացի հիմա մեզ մոտ այլընտրանք չկա։ Այդ այլընտրանքը իրականում դեռ ստեղծված չէ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե ապագայում իրական այլընտրանք ձևավորվի, Հայաստանը կկատարի իր ընտրությունը՝ հանրաքվեի միջոցով կամ առանց դրա։ 

226