Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի սեպտեմբերի 14–28-ը Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։ Փառատոնի աջակիցներն են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։
«ԹԷԱՏՐՈՆԸ» միավորում է թատրոնը, ժամանակակից պարը, դրամատուրգիան, երաժշտությունը, ինչպես նաև սոցիալական և կրթական ծրագրերը։ Այս տարի փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Փառատոնի ծրագրերը կիրականացվեն Երևանում, Գավառում, Մեղրիում և Արտաշատում։
«ԹԷԱՏՐՈՆԻ» նպատակն է մշակութային կամուրջ ստեղծել Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ Հայաստան հրավիրելով միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների և ստեղծագործական խմբերի։ Միաժամանակ փառատոնը նպաստում է հայ արվեստագետների մասնագիտական փոխանակմանը, ժամանակակից դրամատուրգիայի զարգացմանը և մշակութային կյանքի ապակենտրոնացմանը։
Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ աշխարհահռչակ ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի և նրա «Կաֆիգ» պարախմբի «Ֆոլիա» ներկայացմամբ։ «Ֆոլիան» հիփ-հոփ պարի և բարոկկո երաժշտության բացառիկ հանդիպում է, որտեղ տարբեր ժամանակաշրջանների երաժշտական և խորեոգրաֆիկ լեզուները միավորվում են մեկ բեմում։
Փառատոնի սոցիալական ծրագրի շրջանակում և ՀՀ առողջապահության նախարարության հետ գործակցությամբ «Ամալիա Սալ» պարախումբը կներկայացնի Ալցհայմերի հիվանդության, հիշողության և միջսերնդային կապերի թեմաներին նվիրված «Քանի դեռ չեմ մոռացել» պարային ներկայացումը։ Ներկայացումները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Գավառի մշակույթի կենտրոնում, և սեպտեմբերի 17-ին՝ ժամը 19:30-ին, Երևանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում։ Այս նախաձեռնության նպատակն է արվեստի և մշակույթի միջոցով բարձրացնել հանրային իրազեկվածությունը Ալցհայմերի հիվանդության վերաբերյալ, խթանել սերունդների միջև երկխոսությունը և ընդգծել մշակույթի կարևոր սոցիալական դերը։
Սեպտեմբերի 24-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բելգիական «Չայկա» թատերախումբը կներկայացնի «Լոկո» ներկայացումը։ Նույն օրը նախատեսված է նաև հատուկ ներկայացում լսողության սահմանափակումներ ունեցող դեռահասների և մեծահասակների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար։ Ներկայացումն իրականացվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ համագործակցությամբ։
Փառատոնը կեզրափակվի սեպտեմբերի 28-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ ֆրանսիացի պարուսույց Էրվե Կուբիի «Բարբարոս գիշերներ կամ մարդկության առաջին լուսաբացները» ներկայացմամբ։
Փառատոնի ռազմավարական առաջնահերթություններից է Հայաստանի մարզերում բարձրորակ միջազգային մշակութային ծրագրերի հասանելիության ապահովումը։ Գավառում, Մեղրիում և Արտաշատում նախատեսված ծրագրերը հնարավորություն կտան միջազգային արվեստագետներին, հայ մասնագետներին և տեղի հանրությանը հանդիպելու ու ստեղծագործելու Երևանից դուրս՝ ձևավորելով նոր մշակութային կապեր և համագործակցության հնարավորություններ։
Փառատոնի առանցքային ուղղություններից է նաև ժամանակակից ֆրանկոֆոն դրամատուրգիայի տարածումը Հայաստանում։ Կանադացի դրամատուրգ Օլիվիե Քեմեդի և փառատոնի տնօրեն Սաթէ Խաչատրյանի ղեկավարությամբ Արտաշատում կիրականացվի «Էկուբե» դրամատուրգիական ծրագիրը։ Ստեղծագործական գործընթացը կեզրափակվի սեպտեմբերի 27-ին Արտաշատի Ա․ Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նախատեսված թատերական ընթերցումներով։
Ծրագրում կարևոր տեղ են զբաղեցնում նաև ժամանակակից թատերական ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները։ Սեպտեմբերի 20-ին «Զանգակ» գրատանը կներկայացվեն ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունների հայերեն հրատարակությունները։
Փառատոնը կազմակերպում են ֆրանսիական Saté-Âtre թատերական ընկերությունը և ART-IMAGES կազմակերպությունը։ Փառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական տնօրենը Սաթէ Խաչատրյանն է։
«ԹԷԱՏՐՈՆԻ» գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։
Փառատոնն իրականացվում է նաև Հայաստանի և Ֆրանսիայի պետական, դիվանագիտական, տարածքային ու մշակութային մի շարք կառույցների աջակցությամբ և համագործակցությամբ, այդ թվում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի, Իզերի դեպարտամենտի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի, Հայաստանում Բելգիայի դեսպանության, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, ՀԲԸՄ-ի Ֆրանսիայի մասնաճյուղի, ֆրանսիական Բրոն, Կալե և Գրենոբլ քաղաքների, Լիոն քաղաքի և Լիոնի մետրոպոլի, ԱրարատԲանկի, Արտաշատի, Գավառի և Մեղրիի համայնքապետարանների, ինչպես նաև Վալոնիա–Բրյուսել միջազգային կազմակերպության։
Փառատոնի գործընկերներն են՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը, Արտաշատի Ա․ Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Մեղրիի մարզամշակութային կենտրոնը, Գավառի մշակույթի տունը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիա․ «Առնո Բաբաջանյան» համերգասրահը, Երևանի պարարվեստի պետական քոլեջը, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը, «Զանգակ» գրատունը, «Լոֆթ Մեղրի» կենտրոնը, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը, ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտը, «Ալեֆ» հրատարակչատունը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Վ․ Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը։

73