Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում» (AEGIS) ծրագրի խորհրդի նիստին։ Նպատակը՝ ծրագրի իրականացման առաջին տարվա արդյունքների ամփոփումը, ընթացիկ աշխատանքների քննարկումը, արձանագրված խնդիրների վերհանումն ու հաջորդ փուլի առաջնահերթությունների նախանշումն էր։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Մասնակցում էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Ստերբան, ՆԳ նախարարության, ԵԱՀԿ և միջազգային այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

Արմեն Ղազարյանը ծրագիրը գնահատել է որպես ՆԳ նախարարության և ենթակա մարմինների կարողությունների զարգացման առանցքային նախաձեռնություններից մեկը՝ ընդգծելով դրա հստակ կառուցվածքն ու տրամաբանությունը։

Ընդգծելով, որ գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել են դրական արդյունքներ, նա կարևորել է կատարված աշխատանքների համատեղ գնահատումը, առկա խոչընդոտների բացահայտումն ու դրանց հաղթահարման ուղիների քննարկումը։

Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում նախարարի տեղակալն առանձնացրել է ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության և ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի կարողությունների փոխկապակցված զարգացումը։

Կարևորվել են նաև Համայնքային ոստիկանության կարողությունների ամրապնդումն ու Փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավումը, որի շրջանակում անդրադարձ է կատարվել ծրագրով նախատեսված հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների մատակարարմանը։

Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին բարձր է գնահատել ծրագրի իրականացման առաջին տարվա տեսանելի արդյունքները՝ կարևորելով նաև հանրային ընկալման և վստահության առումով արձանագրված դրական փոփոխությունները։ Նա ընդգծել է ԵՄ աջակցությամբ իրականացվող այլ ծրագրերի հետ աշխատանքների համադրման և փոխլրացման անհրաժեշտությունը։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Ստերբան վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՆԳ նախարարության բարեփոխումներին։

Տեսակապով նիստին միացած ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների վարչության ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավար Ումբերտո Սևերինին ծրագիրը որակել է որպես Հայաստանում հանրային անվտանգության համակարգի բարեփոխումներին աջակցող հարթակ։

Քննարկվել են նաև անձնակազմի մասնագիտական վերապատրաստմանն ու կարողությունների զարգացմանը, հանրային իրազեկմանը, ապատեղեկատվության հակազդմանը և գենդերազգայուն մոտեցումների ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Հաջորդ փուլի աշխատանքների արդյունավետ իրականացման համար կարևորվել են գործողությունների համակարգումն ու նախատեսվող միջոցառումների համապատասխանեցումը ՆԳ նախարարության ընթացիկ կարիքներին և առաջնահերթություններին։

«Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում» (AEGIS) ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի և ԵԱՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

118