Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առնվազն 109 միգրանտ զոհվել է, ևս 116 մարդ անհետ կորած է համարվում Ջիբութիի ափերի մոտ նավակի խորտակվելուց հետո, հաղորդում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։

Նավը ուղևորվում էր Ջիբութիից Եմեն։ Կազմակերպության տվյալներով, զոհվածների թվում եղել են 52 տղամարդ, 42 կին և 15 երեխա։

Նավակը հինգշաբթի երեկոյան շրջվել է Գուհերե բնակավայրի մոտ՝ Օբոկ քաղաքից հյուսիս։ Այդ մասին պատմել են աղետից փրկվածները։

Ավելի քան 80 մարդ կարողացել է փրկվել։ ՄՄԿ-ի տեղեկությամբ, բոլոր փրկվածները Եթովպիայի քաղաքացիներ են։

Ջիբութիում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավար Ալեքսանդր Կուասակը տեղի ունեցածը բնութագրել է մեծ թվով մարդկանց ողբերգական մահ։ Ըստ նրա, կազմակերպության աշխատակիցները տեղական իշխանությունների հետ միասին տուժածներին շտապ օգնություն են ցուցաբերում։

Կուասակը նաև ընդգծել է, որ այս ողբերգությունը կրկին ցույց է տալիս այն վտանգները, որոնց բախվում են միգրանտները Աֆրիկայի եղջյուրի և Եմենի միջև ընկած երթուղում՝ տնտեսական հնարավորություններ փնտրելիս։

Ջիբութիից Եմեն ծովային ճանապարհը միգրացիոն միջանցքի մի մասն է, որից օգտվում են մարդիկ, որոնք Աֆրիկայի եղջյուրից ուղևորվում են Արաբական թերակղզի։ Ծանրաբեռնված և ոչ անվտանգ նավերով ծովը հատելու փորձերը պարբերաբար հանգեցնում են մարդկանց մահվան։

77