Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 4-ին նիստում ընդունեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ձեւավորման եւ հաստատման կարգը:

Մասնավորապես, խոսքը որակյալ կրթության հասանելիության ու արդիականութան, գյուղական և քաղաքային բնակավայրերում ուսումնառության արդյունքների տարբերության, միջազգային ստուգատեսներով գրանցված ցածր ցուցանիշների և արձանագրվող այլ խնդիրների մասին է:

Նոր չափորոշիչը կստեղծի հնարավորություն գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում ունենալ հնարավորինս քիչ սահմանափակող չափորոշչային պահանջներ, ինչը թույլ կտա արագ արձագանքել փոփոխություններին՝ առավելագույնս նպաստելով սովորողների կրթական տարատեսակ պահանջների բավարարմանը: Առաջարկվում է նաև վերանայել շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները և դրանք կառուցել կարողունակությունների հիման վրա:

Արդյունքում ակնկալվում է, որ նախագծի ընդունումը թույլ կտա ունենալ կարողունակությունների ձևավորմանն ուղղված հանրակրթության բովանդակություն, որին կհետևի չափելի վերջնարդյունքների հիման վրա առարկայական ծրագրերի, գնահատման մեթոդաբանության մշակում և դասագրքերի ստեղծում։ Չափորոշիչը հնարավորություն կընձեռի ստանալ ուսումնական նյութի և դրա ուսումնասիրության համար նախատեսված դասաժամերի այնպիսի հարաբերություն, որը հնարավորություն է տալիս աշակերտներին հասկանալ այն, սովորել և կարողանալ կիրառել։ Այն դպրոցներին հնարավորություն կտա ստեղծել աշակերտների կարիքներին համապատասխան ուսումնական պլան, գնահատումն իրականացնել ուսումնական հաջողությունները գրանցելու, բացթողումները տեսնելու և դրանք հաշվի առնելու դասավանդման ընթացքում։ Չափորոշչի ընդունմամբ գնահատման քանակական (միավորային) և որակական (ուսուցանող) եղանակների մեջ որակական գնահատման տեսակարար կշիռը զգալի կմեծանա՝ նպաստելով սովորողների հաջողությունների և բարելավման ուղղությունների որակյալ նկարագրությանը։ Չափորոշչի ընդունման արդյունքում կմեծացվի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին ուղղվող ֆինանսավորումը՝ ընձեռելով աշակերտների հետազոտական աշխատանքների, ինչպես նաև տարաբնույթ խմբակների ֆինանսավորման հնարավորություն, իսկ անհատական բաղադրիչի ներդրումը թույլ կտա ունենալ յուրաքանչյուր աշակերտի կարիքներին ու պահանջներին ուղղված կրթության կազմակերպում։

Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ դպրոցի տարբեր աստիճաններում ներկայացվում է որոշակի առարկայացանկով, որի ընտրութան համար հիմք են հանդիսանում չափորոշչով սահմանված վերջնարդյունքներն ու սովորողների ընկալման տարիքային առանձնահատկությունները:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ուսումնական բնագավառի առաջարկվող սահմանումը, անհրաժեշտ կլինի անդրադառնալ գործող չափորոշչով նկարագրված ուսումնական բնագավառներին և վերաձևակերպել դրանք: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել հետևյալ 7 բնագավառները՝

1) Հայոց լեզու և գրականություն
2) Հայրենագիտություն
3) Օտար լեզուներ
4) Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ,
ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)
5) Հասարակություն, հասարակական գիտություններ
6) Արվեստ և արհեստ
7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

2371