Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Վիեննայում մասնակցել է Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովին, որը համախմբել է տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների ներկայացուցիչների և միգրացիայի ոլորտի փորձագետների։ Համաժողովի բացմանը տեսաուղերձով հանդես է եկել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։

Քննարկվել են փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների, տնտեսական վերադասավորումների, աշխատաշուկայի պահանջների և տարբեր այլ մարտահրավերների ազդեցությունը միգրացիոն գործընթացների վրա։ 

Համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները և Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության կարևորությունը։

Փոխնախարարն ընդգծել է, որ վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի համար համապարփակ ինստիտուցիոնալ բարեփոխումների կարևոր շրջանակ է, որը նպաստում է միգրացիայի և սահմանների կառավարման համակարգերի արդիականացմանն ու կարողությունների ամրապնդմանը։

Արմեն Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի միգրացիոն քաղաքականությունը ձևավորող աշխարհագրական, պատմական, ժողովրդագրական և տնտեսական գործոններին՝ կարևորելով նաև հայկական սփյուռքի դերն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Անդրադառնալով միջազգային և տարածաշրջանային զարգացումների ազդեցությանը Հայաստանի միգրացիոն հոսքերի վրա՝ փոխնախարարը ներկայացրել է փախստականների ընդունման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների ներհոսքի կառավարման փորձը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը միաժամանակ բախվում է միգրացիոն ոլորտի նոր մարտահրավերների, որոնց արդյունավետ արձագանքը պահանջում է համապարփակ և ճկուն մոտեցումներ։

Եզրափակելով ելույթը՝ Արմեն Ղազարյանը կարևորել է Հայաստան-ԵՄ երկխոսությունը՝ միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացման, սահմանների կառավարման կարողությունների ամրապնդման և փոխադարձ վստահության խորացման տեսանկյունից։

90