Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը 2027 թվականի սեպտեմբերից կստանձնի Փարիզի «Արևի թատրոնի» (Théâtre du Soleil) ղեկավարությունը՝ այդ պաշտոնում փոխարինելով 1964 թվականից թատրոնը ղեկավարող Արիան Մնուշկինին։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը․ գրում է BFM. TV-ը։
87-ամյա Մնուշկինի խոսքով՝ Աբգարյանը թատրոնի հետ աշխատանքը կսկսի արդեն 2027 թվականի գարնանը, իսկ սեպտեմբերին պաշտոնապես կստանձնի ղեկավարի պարտականությունները։ Նրա նշանակման մասին նախապես հայտնել էր Libération պարբերականը։
64-ամյա Սիմոն Աբգարյանը թատրոնի և կինոյի դերասան ու ռեժիսոր է։ Նա արժանացել է չորս «Մոլիեր» մրցանակի՝ դերասանական և ռեժիսորական աշխատանքի համար։ Կինոյում նկարահանվել է, մասնավորապես, Սեդրիկ Կլապիշի, Քեթրին Բիգելոուի և Ռոբեր Գեդիգյանի ֆիլմերում։
Դերասանը լայն ճանաչում է ձեռք բերել Անտոնեն Բոդրիի՝ Շառլ դը Գոլի մասին պատմող ֆիլմում գեներալի դերակատարմամբ։ Նրա աշխատանքը բարձր է գնահատվել կինոքննադատների կողմից, և նա համարվում է 2027 թվականի «Սեզար» մրցանակի հավակնորդներից մեկը։
Le Monde-ին տված հարցազրույցում Աբգարյանը նշել է, որ մտադիր է շարունակել թատրոնի ավանդույթները՝ պահպանելով դրա ժողովրդական, տոնական և բոլորի համար հասանելի բնույթը։
«Արևի թատրոնը էպիկական, քաղաքական և փիլիսոփայական թատրոն է։ Դա մի բան է, որն ինձ ձևավորել է»,- ասել է նա։
Արիան Մնուշկինը թատրոնը ղեկավարել է ավելի քան 60 տարի։ Նրա ղեկավարությամբ այն հայտնի է դարձել իր խոշորածավալ բեմադրություններով, որոնցում միավորվել են պարը, երաժշտությունն ու թատրոնը՝ անդրադառնալով ժամանակակից աշխարհի կարևոր խնդիրներին, այդ թվում՝ փախստականների ճակատագրին և Ուկրաինայի պատերազմին։