
Ադրբեջանական «Report» լրատվական գործակալությունը հերթական կեղծիքն է տարածել, այս անգամ` Իտալիայի անունից, նշելով, թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու G20 գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին հայտնեց, որ լուրն անհիմն է:
«Լուրերը՝ թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է ներկա գտնվելու G20 գագաթնաժողովին, անհիմն են, և որևէ այլ կերպ այդ տեղեկությունները չեն տարածվել կամ հաստատվել»,- հայտնեցին դեսպանությունից:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Իտալիայի դիրքորոշմանը՝ դեսպանությունից հայտնեցին, որ այն հստակ է և կշռադատված ու ներկայացված է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության 2020 թ. նոյեմբերի 11-ի պաշտոնական հայտարարությունում: