
Յուրաքանչյուր տարի քարտային եղանակով կենսաթոշակ ստացող տարեցները պետք է բանկում դիմումի միջոցով երկարացնեն քարտի վավերականության ժամկետը, որպեսզի շարունակեն քարտային եղանակով ստանալ իրենց հասանելիք թոշակը:
Araratmews.am-ի խմբագրություն էր դիմել մի կենսաթոշակառու, որին բանկից զանգահարել եւ տեղեկացրել էին բանկ ներկայանալու մասին։ Խմբագրություն դիմած քաղաքացին նրանց հայտնել է, որ կորոնավիրուսով հիվանդ լինելու պատճառով չի կարող բանկ ներկայանալ եւ աշխատակցին խնդրել է ընդառաջել, մինչեւ ապաքինվի։
Բանկից քաղաքացուն ասել են, որ հարցը կարող են լուծել, եթե վերջինս նրանց հետ կապվի «Սքայպ» ծառայության միջոցով: Թոշակառուն նրանց ասել է, որ իր պարզ, հասարակ հեռախոսը նման հնարավորություն չունի։
Պատասխան առաջարկը եղել է, որ ուրեմն այդ ամիս չի ստանա թոշակը, մինչեւ մյուսին փոստատարը կբերի տուն, ինչը դարձյալ վրդովեցրել է խմբագրություն դիմած քաղաքացուն, քանի որ, դեռ կոմունալ վճարները չհաշված, բուժման համար դեղորայքի վրա այդքան գումար ծախսելուց հետո հնարավոր չի լինի ուղղակի առանց գումարի ամիսն անցկացնել։
Թոշակառուի բոլոր խնդրանքներն ապարդյուն են եղել, քանի որ բանկի աշխատակիցն ասել է, որ դա սոցապնախարարության հրամանն է՝ իրենք չեն կարող չկատարել:
Araratnews.am լրատվականը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի նմանօրինակ խնդիրների բախվող մեր հայրենակիցներն իմանան, թե ինչ պետք է անեն նման դեպքերում: Արդյոք չկա՞ն բացառություններ՝ քաղաքացուն ընդառաջելու, օգնելու համար:
Մեր հարցմանը գերատեսչությունից պատասխանել են` հղում անելով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքին և նշում են, որ օրենքը նման բացառություններ չունի: Ստացվում է, որ այսօրինակ հարցերը օրենքով չեն կարգավորվում, և դա այն դեպքում, երբ կորոնավիրուսով վարակվելու ռիսկային խմբում գտնվում են հենց թոշակառումները, եւ ի վերջո, չէ՞ որ օրենքը գրվել է հենց թոշակառուների համար, որոնք ամեն րոպե կարող են առողջական խնդիրներ ունենալ։
Հ.Գ. Ի դեպ, մինչև նյութը կհրապարակվեր, դարձյալ նույն խնդրով հեռախոսազանգ ստացանք, դարձյալ թոշակառուներ էին, որոնք բողոքում էին բանկ ներկայանալու պահանջից, քանի որ առողջական վիճակը թույլ չի տալիս տնից դուրս գալ:
Արդյոք հնարավոր չէ ստեղծել մի ծառայություն, որը տնային այցելությունների միջոցով կարող է լուծել այդ հարցը:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարարության գրավոր պատասխանն ամբողջությամբ:
Հայկ Մագոյան