Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով փոփոխություն է նախատեսվում կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և վնասի փոխհատուցման գումարների տրման հետ կապված։

 

infoport.am- փոխանցմամբ` այս նախագծի փոփոխություններով էապես պարզեցվել է պարբերական և միանվագ բնույթ կրող վճարներն անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը:

 

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ բանկային հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստները և դրամական այլ վճարները, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշիվը` կենսաթոշակները և պարբերական բնույթ կրող այլ վճարներն անկանխիկ եղանակով վճարելու համար:

 

Ընդ որում, թե՛ միանվագ դրամական վճարների հաշիվը և թե’ սոցիալական ապահովության հաշիվը բանկում բացվում են անձի` լիազոր մարմնի տված տվյալների հիման վրա։ ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքվող՝ միանվագ դրամական վճարների հաշվի և սոցիալական ապահովության հաշվի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

 

Գործող իրավակարգավորումների համաձայն` ներկայումս, կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, վնասի փոխհատուցման, մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի, կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարներն անկանխիկ եղանակով վճարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 670-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա կնքված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրերի համաձայն:

 

 

Ներկայացվող նախագծով առաջարկվում է`

 

 

1) կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և վնասի փոխհատուցման գումարներն անկանխիկ եղանակով վճարել շահառուի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով,

 

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո վճարման ենթակա` չվճարված կենսաթոշակը, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարվում են շահառուի ընտրությամբ` կանխիկ կամ անկանխիկ եղանակով (անկանխիկ եղանակով վճարվում է շահառուի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելու միջոցով):

 

Նախագծով առաջարկվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 670-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք բխում են անկանխիկ եղանակով կենսաթոշակը` սոցիալական ապահովության կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո վճարման ենթակա` չվճարված կենսաթոշակը, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը` միանվագ դրամական վճարների հաշվի միջոցով վճարելուց:

 

Հավելենք, որ ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն, ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-240-Ն և ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-239-Ն oրենքների ընդունմամբ:

326