Վարսենիկի ամուսինը պատերազմի առաջին օրից մինչև վերջին օրը պայքարել է հանուն հայրենիքի, ընտանիքի և կնոջ անվտանգության։

Վարսիկը իմ բանակային ընկերն է։ Ծանոթացել ենք հոկտեմբերի վերջին օրերին,երբ Հայաստանում հիմնեցին կանանց առաջին վաշտը։ Հիշում եմ՝ պետք է հավաքվեինք Սունդուկյանի անվան թատրոնի հետնամասում։ Առավոտյան ժամը 7.45-էր։ Առաջինը ես էի գնացել, երկու րոպե անց տեսնեմ՝ մի փոքրիկ, նիհար կազմվածքով աղջնակ է գալիս։ Մոտեցավ ինձ ու հարցրեց․ «Դու՞ էլ ես եկել բանակ», ժպտալով գլխով արեցի։

Այսօր որոշեցինք հանդիպել սրճարանում ու վերհիշել մեր ծառայության օրերը, ապրումները։ Դեսից-դենից զրուցելիս Վարսկին ասաց, որ այս խորհրդանշական` սբ. Վալենտինի օրը լրանում է իր և ամուսնու ծանոթության 4-ամյակը, ու սկսեց պատմել իրենց սիրո պատմությունը։

«Ես 16 տարեկան էի, երբ ծանոթացա ապագա ամուսնուս` Սուրենի հետ։ Նրա մայրը դպրոցում երկար տարիներ ինձ հայոց պատմություն է դասավանդել։ Երբ ծանոթացանք, հաջորդող երկու ամիսները խոսել ենք հեռախոսով։ 4 տարի առաջ այս օրը՝ փետրվարի 14-ին, առաջին անգամ հանդիպեցինք Մասիսի եկեղեցում։ Այդտեղից էլ սկսվեց մեր սիրո պատմությունը։ Նա խոստովանեց, որ երկար ժամանակ սիրահարված է ինձ, բայց համարձակություն չի ունեցել ասելու։ Անկեղծ ասած, ես էլ էի սիրահարված նրան (ժպտում է): Մեր սերը փոխադարձ էր։ Մեկուկես տարի ընկերություն անելուց հետո ամուսնության առաջարկություն ստացա։ 18-ամյակիս ամենամեծ նվերը իմ կյանքում եղավ Սուրենս։ Նշանվեցինք։ Մեր կյանքում եղել են բազմաթիվ դժվարություններ, բայց պատերազմի նման՝ չի եղել, սակայն մենք դա էլ հաղթահարեցինք հանուն մեր սիրո, հանուն մեր ապագայի»․- պատմում է Վարսիկը, ապա հավելում. «Կան սերեր, որ պարտվում են նաև մանրուքներին, սերեր կան, որ հաղթում են պատերազմը»։

Վարսիկը վերհիշում է պատերազմի ընթացքում ապրած և չապրած օրերը։

«Առավոտյան ժամը 7-ին, երբ պատերազմը սկսվեց, ես աշխատանքի վայրում էի ու այդ պահին մի աննկարագրելի անհանգստություն ու վախ զգացի։ Մտքումս առաջինը ամուսինս էր, որ կգնա։ Ու այդ նույն օրն էլ՝ սեպտեմբերի 27-ին, երեկոյան ժամը 19։00-ին, Մասիսի եկեղեցու դիմաց զորահավաք սկսեցին։ Սուրենը գնաց առաջին ջոկատի հետ, առանց նախապես տեղյակ պահելու։ Զանգում էի՝ չէր պատասխանում, անհանգիստ էի շատ, լարված, տխուր։ Մի քանի օր ոչ մի լուր չունեի։ Կարծես կյանքը կանգ էր առել ինձ համար ու վերջանում էր, առանց Սուրենի նույնիսկ ապրել չէի ուզում։ Երեք օր անց զանգեց, մի թեթև հանգստացա, բայց վախը կար։ Ամեն օր անդադար աղոթում էի ու Աստծուց միայն մի բան էի խնդրում, որ պատերազմը շուտ վերջանա։ 46 օր անց Սուրենն ու ընկերները տուն վերադարձան։ Ամբողջ պատերազմի ընթացքում ոչ մի սանտիմետր դիրք չեն զիջել հակառակորդին»- արդեն ժպիտով է հիշում Վարսիկը։

Մինչ պատերազմը Վարսիկը, ինչպես ինքն է նշում, կամակոր է եղել, ասում է, որ պատերազմը մեծ դաս է տվել, օգնել է հասկանալ, որ սիրած էակին կորցնելը մի վայրկյանի բան է։ «Աստված ինձ հնարավորություն ընձեռեց ուղղել բնավորությանս այդ գիծը, և ես դա արեցի, երբ ամուսինս պատերազմից վերադարձավ տուն»։

Պատերազմը շատ վատ բան է, բայց միաժամանակ սովորեցնում է գնահատել մարդու համար իրական արժեքները՝ խաղաղությունը, սերը, ընտանիքը։ Պատերազմը հասկացնում է, որ այս կյանքում ամեն ինչ ունի ելք՝ բացառությամբ, երբ հարազատ մարդ ես կորցնում։

 

«Ես էլ շատերին կորցրեցի։ Խոնարհվում եմ բոլոր զոհվածների առաջ։ Կորցրած ընկերներին, հարազատներին երբեք չես վերադարձնի։ Պետք է  ցմահ հիշես և վառ պահես նրանց հիշատակը։ Այն, որ ասում են կյանքը շարունակվում է, ես համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետև դու չես կարող լիարժեք ապրել, երբ գիտես, որ այլևս չես հանդիպի, տեսնի այն մարդկանց, ում կորցրել ես։ Մենք պարզապես սովորում ենք այդ ցավի հետ ապրել»․- արցունքներն աչքերին ասում է Վարսիկը։

 

Վարսիկի հիշողություններում է դեռ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ ամուսնու ընթրիք-անակնկալը բարձրահարկ շենքի տանիքին։

Հարցին` ինչ նվեր է պատրաստել այս տարի, կատակելով ասաց․ «Ես մեծ նվեր եմ իր համար»։

Վարսիկը զրույցի վերջում հորդորեց բոլորին սիրել իրար, հարգել, երբեք չնեղացնել, քանի որ կյանքը կարճ է, իսկ դու չգիտես, ինչ կլինի հաջորդ վայրկյանին։ Նաև նշեց, որ սերը եկեղեցին է, իսկ եկեղեցին սուրբ է, այդ ամենը իրար հետ մի ընտանիք է։ Մի թողեք այդ սերը մարի։

 

Հեղինակ՝ Թագուհի Մանուկյան
 

3008