ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հրավիրել էր խորհրդակցության՝ հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի և ոլորտի վերահսկողության  բարելավման հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալները, մարզային կենտրոնի պետերը:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, կարևորելով կենդանիների պատվաստումների գործընթացը, նշել է, – «100 տոկոսով վերահսկել անասնահամաճարակային իրավիճակն առանց կենդանիների հաշվառման ու համարակալման, իհարկե, դժվար խնդիր է, սակայն լիահույս եմ, որ այս տարի համարակալման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները կամբողջացվեն: Իսկ մինչ այդ՝ պետք է ժամանակին սկսել պատվաստումների գործընթացը և համատեղ ուժերով անել հնարավորը կենդանիներին վտանգավոր հիվանդություններից ու վարակներից զերծ պահելու համար»:

Կենդանիների պատվաստումները ժամանակին կատարելու ու հաշվառման գործընթացին է անդրադարձել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը: «Առկա են թե սիբիրախտի, թե դաբաղի պատվաստանյութերը, որոնք արդեն բաշխվել են ամբողջ հանրապետությունում, սկսվել են պատվաստման աշխատանքները: ՍԱՏՄ մարզային կառույցների և մեր համաճարակաբանների սերտ համագործակցությունն անկասկած արդյունքներ տալիս է»,- ասել է նա:

ՍԱՏՄ մարզային կառույցների ղեկավարներն առաջարկել են կազմել պատվաստումների ժամանակացույց ամսական կտրվածքով՝ հաշվի առնելով մարզերի աշխարհագրական ու կլիմայական առանձնահատկությունները, աշխատանքներն անել հնարավորինս համաձայնեցված՝ ՍԱՏՄ տեսուչի, համաճարակաբանի և անասնաբույժի մասնակցությամբ:

Խորհրդակցության մասնակիցները շեշտել են համատեղ քննարկումների արդյունավետությունը թե անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողության համար առաջացող խնդիրներրի լուծման, թե անասնաբուժական ծառայությունների առաջնահերթ քայլերի հստակեցման, թե անասնաբույժների վերապատրաստման և նոր կադրերի ներգրավման տեսակետից:

 

25 Փետրվար, 2021 16:45
110
; ;