Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և ոստիկանության զորքերի ծառայողները փետրվարի 26-ին Սայաթ-Նովայի պողոտայից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել չորս պատանիների: Նույն օրը, ժամը 19.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված պատանին հայտնել է, որ Օպերայի բակում իրեն դանակահարել են:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 19-ի սահմաններում Ազատության հրապարակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 2004 թ. ծնված մեկ այլ պատանի, որը ժամը 20.40-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Դանակահարողը ձերբակալվել է, բերման ենթարկված մյուս պատանիները բաց են թողնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

27 Փետրվար, 2021 14:54
656
; ;