Այսօր՝ փետրվարի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:  

Ժամը 20:30ի սահմաններում, Նիզամի գյուղի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Աբրահամյանը՝ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի, 76-ամյա Միրզա Աբրամովին:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, որ հարվածից մի քանի մետր շպրտվել է, տեղում մահացել է:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:  

Ժամանել են նաև Արարատի մարզի ոստիկանապետ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:   Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, Մասիսի քննչական բաժանմունքի պետ Սամվել Անդրեասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Թորոսյանի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ Է. Թորոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի  

792