
«Հիմա հարց է առաջանում՝ Մովսես Հակոբյանին ու Արտակ Դավթյանին ազատելու լիազորություն ունե՞ր, Օնիկ Գասպարյանին` չունի՞: Ես չեմ հասկանում՝ սա ինչ կամայական մոտեցում է Սահմանադրությանը և մեր երկրի քաղաքական իրավիճակին ու մարդկանց»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը՝ պարզաբանելով ընդդիմության կողմից տարածած հայտարարությունը, թե նախագահը հանդես կգա հայտարարությամբ:
«Նույն տրամաբանությամբ, նույն ձեռագրով, նույն իրավական ակտերով, նույն վարչապետի կողմից 2018 թվականի մայիսի 24-ին, 2020 թվականի հուլիսի 8-ին համապատասխան նույն բովանդակության միջնորդագրերը ներկայացվել են գործող նախագահին: Այն ժամանակվա ԳՇ պետեր Մովսես Հակոբյանին և Արտակ Դավթյանին` ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության նախագահը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ազատել է նշված անձանց ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից»,- ասաց Նորիկյանը, նշելով, որ անկախ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ դիրքորոշումից, չի կարելի այսպես մանիպուլացնել իրավական նորմերը:
Նորիկյանի խոսքով` նախագահը իր դիրքորոշումը երեկ շատ հստակ արձանագրել է. չստորագրելով միջնորդագիրը: Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից` Արմեն Սարգսյանի կողմից առաջիկայում կատարելիք հայտարարությանը՝ Նորիկյանն ասաց, որ Հանրապետության նախագահը կարող է օրական տասն անգամ տարբեր բնույթի հայտարարություններ անել, սակայն խնդիրը ոչ թե հայտարարություն անելու մեջ է, այլ կոնկրետ գործողության. «Գործողությունը հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ կետով,- պարզաբանեց Նորայր Նորիկյանը։- Միջնորդող կողմից երկրորդ անգամ միջնորդությունը ներկայացնելուց հետո Հանրապետության նախագահը կամ հրապարակում է, կամ դիմում է ՍԴ: Այդ երկու գործողությունը պետք է անի: Իսկ եթե չի անում` 139-րդ հոդվածի երրորդ կետի ուժով ուժի մեջ է մտնում միջնորդագիրը: Սևով սպիտակի վրա գրված է: Ինչ գիտահետազոտական բաներով են զբաղվում: Անկեղծ ասած՝ չի կարելի մեր հանրությանը այդքան մանիպուլյացիայի ենթարկել կամայական մեկնաբանություններով»:
Հայկ Մագոյան