Համացանցում ակտիվորեն մի վարորդական իրավունքի լուսանկար է շրջանառվում, որում որպես ծննդավայր գրված է Ադրբեջան։ Տեղեկություն տարածողները նշում են, թե ոստիկանությունը GPS-ով է որոշել ծննդյան վայրը, որի համաձայն Տավուշի Պառավաքար գյուղն արդեն համարվում է Ադրբեջան։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել Տավուշի մարզպետարանի հետ, որտեղից պարզաբանել են  եղելությունը։

«Քաղաքացու վարորդականում  սկզբում սխալմամբ նշվել է Ադրբեջան։ Նույն օրը խնդիրն արձանագրվել է ու փոխվել քաղաքացու վարորդական իրավունքը` որպես ծննդյավայր նշվել է Հայաստան։

Պառավաքար համայնքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համարվում է Հայաստանի Հանրապետության տարածք»,- պարզաբանել են մարզպետարանից։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել նաև վարորդականի տիրոջ հետ, ով նշել է, որ գաղափար չունի, թե իր վարորդականի լուսանկարը ինչպես է հայտնվել համացանցում։

«Իմ վարորդականի հետ ամեն ինչ արդեն նորմալ է։ Խնդիր չկա, ամեն տեղ գրված է Հայաստան, Armenia»։

Կենտրոնը հրապարակել է քաղաքացու վարորդական իրավունքի լուսանկարը։

1108