2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Արիության» մեդալով են պարգևատրվել Սարուխան համայնքից ժամկետային զինծառայողներ Վիգեն Եղիազարյանը և Ռաֆիկ Խեքոյանը, իսկ նույն համայնքից զինծառայող Հակոբ Հարությունյանը, ինչպես նաև Նորատուս համայնքից զինծառայողներ Խաչիկ Ավետիսյանը, Արտյոմ Խաչատրյանը և Մարսել Ասատրյանը, դարձյալ հետմահու, արժանացել են «Մարտական ծառայություն» մեդալի: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 

«Սարուխանի և Նորատուսի համայնքապետարաններում այսօր կազմակերպված հանդիպումների ժամանակ պարգևները հանձնեցի զոհված զինծառայողների ծնողներին:

 

Այդ մեդալները ևս մեկ անգամ փաստում են, որ մեր տղաները, ինչպես նաև նրանց զինակից ընկերները, հերոսաբար են կռվել: Նրանք գիտակցված մարտի են դուրս եկել, համառորեն պայքար մղել և իրենց կյանքը նվիրել հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության: Մեր հարգարժան ծնողների կորուստը ծանր է, անդառնալի, սակայն նրանք այդ վշտի մեջ պետք է հպարտ լինեն, որ հերոս զավակներ են ծնել: Այն հողը, որի վրա մենք այսօր ապրում ենք ու արարում, պահպանվել է նրանց հերոսությունների շնորհիվ, և մենք պարտավոր ենք այն շենացնելու և հզորացնելու։

 

Մեր խոնարհումն ենք բերում մեր քաջ տղաների հիշատակի առջև և մեր պատրաստակամությունը հայտնում՝ աջակցել նրանց ընտանիքներին»,- գրել է մարզպետը։

 

 

17 Մարտ, 2021 19:08
349
; ;