COVAX Facility նախաձեռնությունը չի ստիպել Հայաստանի Հանրապետությանը AstraZeneca պատվաստանյութը ձեռք բերել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Պատվաստանյութերն առաջարկում է COVAX Facility նախաձեռնությունը: Ի սկզբանե պետք է լիներ Pfizer պատվաստանյութը, սակայն այն հնարավոր չեղավ ձեռք բերել: Վերջինս պահանջում էր մինչև մինուս 70 ջերմաստիճանում պահպանման պայմաններ: ՀՀ-ում նման պայմաններ չկան: Ինչ վերաբերում է AstraZeneca-ին, ապա կարող եմ ասել, որ այն նույնպես առաջարկել է COVAX Facility նախաձեռնությունը: Մենք առաջին խմբաքանակն արդեն ձեռք ենք բերել, պետք է սկսենք պատվաստումները»,- նշեց մասնագետը:

Անդրադառնալով պատվաստանյութի խնդրահարույց լինելուն (խոսվում է պատվաստումից հետո կողմնակի ազդեցությունների մասին– հեղ.)՝ Աբովյանն ասաց, որ Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը վերջին շրջանում մի քանի անգամ հանդես է եկել և ասել, որ AstraZeneca-ն որևէ խնդիր չունի:

«Խոսակցություններ կան, թե COVAX Facility-ն պարտադրել է մեզ ձեռք բերել AstraZeneca-ն, այս առումով ասեմ, որ նման բան չկա: Նախաձեռնությունը միայն առաջարկում է պատվաստանյութերը, երկրներն էլ, ելնելով իրավիճակից և հնարավորություններից, ձեռք են բերում: Ընդ որում, այնպես չէ, որ AstraZeneca-ն շատ պատվաստանյութ ունի, այդ պատճառով էլ հիմնականում պատվաստումներն իրականացվել են ռիսկի խմբերում»,- նշեց Ռոմելլա Աբովյանը:

02 Ապրիլ, 2021 13:51
88
; ;