ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները:
 

Նախնական տվյալներով՝ 2021թ. ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդն իր վարած «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով իր երկու ընկերների հետ գնացել է Եղեգնաձոր քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ: Նշված վայրում նկատելով Գետափ գյուղի 37-ամյա բնակչին՝ երեք ընկերներն իջել են ավտոմեքենայից, մոտեցել  և վիճաբանության են բռնվել Գետափ գյուղի բնակչի հետ, որի ժամանակ 34-ամյա տղամարդը,  իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բռնել է վերջինիս ձեռքից՝թույլ չտալով փախչել, նրա ընկերներից մեկը վերոնշյալ ավտոմեքենայի բեռնախցիկից դուրս է բերել որսորդական ողորկափող հրացանը և փոխանցել 34-ամյա ընկերոջը, իսկ մյուսը փորձել է բռնել 37-ամյա տղամարդուն :
 

Վերջինս, իր կյանքին վտանգ սպառնալու հանգամանքից ելնելով, դիմել է փախուստի, որի ժամանակ 34-ամյա տղամարդը, բռնություն գործադրելու սպառնալիքով, որսորդական հրացանից երեք կրակոց է արձակել նրա ուղղությամբ, որից  հետո երեք ընկերները  «BMW X 5» մակնիշի  ավտոմեքենայով դիմել են փախուստի:
 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով:
 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեք ընկերները ձերբակալվել են՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:
 

Նախաքննությունը շարունակվում է:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

05 Ապրիլ, 2021 14:57
72
; ;