Մոսկվա ապրիլի 7-ին աշխատանքային այցի նախօրեին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում «Ինտերֆաքսի» սեփական թղթակից Հովհաննես Քոսյանին տված հարցազրույցում պատմել է հայ-ռուսական հարաբերությունների, տնտեսական կապերի իր տեսլականի և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին: 

 Հարցազրույցը՝ ստորև։

«Ինտերֆաքս» լ/գ - Պարոն վարչապետ, որքանո՞վ է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան կախված սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքներից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավական հարուստ են և լայնածավալ: Դրանք հիմնված են մեր բարեկամ ժողովուրդների պատմական մտերմության վրա: Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ առաջիկա արտահերթ ընտրությունների ելքից:

«Ինտերֆաքս» լ/գ - Տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման գործընթացը ներկայում որքանո՞վ է կախված քաղաքական գործոնից, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կցանկանայի հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից՝ դեռևս 1993 թվականին: Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու դիրքերից, սակայն դրանից հրաժարվում էր հենց Թուրքիան: Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ ստացավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի ընթացքում։ Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին տրամադրեց անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն՝ հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա ահաբեկիչ-զինյալների։ Այս համատեքստում, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի նման ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

«Ինտերֆաքս» լ/գ - Հայաստանն արդյոք նախատեսո՞ւմ է շարունակել ռուսական զենք գնել, մասնավորապես` Սու-30 ՍՄ կործանիչներ և զինամթերք այդ ինքնաթիռների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից:

Հաշվի առնելով, որ երկկողմ միջպետական համաձայնագրերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվել և գործում են հայ-ռուսական երկու խմբավորումներ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը, և, բացի այդ, երկու երկրներն էլ հանդիսանում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններ, որի ձևաչափում ստեղծվել են նաև զորքեր (հավաքական ուժեր) և միավորված խմբավորումներ, պարզ է, որ Հայաստանը չափազանց շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումներով, որպեսզի ունենա ժամանակակից և, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ համատեղելի զենք և զինամթերք։

Նույն պատճառներով, մենք նաև հետաքրքրված ենք, որպեսզի Հայաստան զենքի և զինամթերքի մատակարարումն իրականացվի նույն կոմպլեկտավորմամբ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի համար է:

Ձեր նշած ինքնաթիռների տեսակի առնչությամբ նույնպես դրական պատասխան կտամ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային Զինված ուժերի զարգացման ծրագրով:

«Ինտերֆաքս» լ/գ - Դիտարկո՞ւմ է արդյոք Հայաստանը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ռուսական նոր վարկի հարցը: Ի՞նչ զենքի կարիք ունի Երևանը: Եվ ո՞ր թվականին է Հայաստանը նախատեսում փակել սպառազինության ներկայիս վարկը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նման հարցերի վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ կախված բանակի բարեփոխումների արդյունքներից, որոնք մենք ներկայում իրականացնում ենք: Այս փուլում ես իմաստ չեմ տեսնում ֆինանսավորման աղբյուրներն ու կառուցվածքը այն նպատակներից և խնդիրներից առանձին քննարկելը, որոնք կկանխորոշվեն բանակի բարեփոխումների գործընթացում: Ինչ վերաբերում է ընթացիկ վարկային պարտավորություններին, ապա, բնականաբար, դրանք կսպասարկվեն պատշաճ կերպով և սահմանված ժամկետում:

 

 

 

 

06 Ապրիլ, 2021 22:30
243
; ;