Ծնունդով գավառցի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ Հովհաննես Հասասյանը իր բեմադրած պարային ներկայացման հյուրախաղերը սկսել է հենց ծննդավայրից։ Գոյացած հասույթը հանգանականության արխիվի միջոցով տրամադրել է մեր զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին։

Հովհաննեսը պարել սկսել է դեռ 3 տարեկանից։ Պատանի հասակում տեղափոխվել է Երևան և ընդունվել պարարվեստի պետական քոլեջ, ապա բարձրագույն կրթությունը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժնում` բեմադրող ռեժիսորի մասնագիտությամբ։

Հովհաննեսն այժմ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող է, այս անգամ ընտրել է դերասան-ռեժիսորի մասնագիտությունը։ Վերջերս հայտնի դարձած «Տանգո մի ամոր» պարային ներկայացումը եղել է արտիստի ինստիտուտի դիպլոմային աշխատանքը, որի բեմադրությունը հետաձգվել էր սկզբից կորոնավիրուսի, ապա պատերազմի պատճառով։

Araratnews.am-ի հետ զրույցում Հովհաննեսը պատմեց ներկայացման և իր հետագա անելիքների մասին։

Հովհաննես, ինչու՞ հենց այդ ներկայացումը։

Ինձ վաղուց են ոգեշնչել իսպանական ու արգենտինյան պարային ոճերը, այդ իսկ պատճառով որոշեցի ներկայացումս բեմադրել այդ ոճի մեջ։ Այդ էր պատճառը, որ ընտրեցի «Մարիո դե Բուենոս Այրես» օպերա-տանգո ներկայացումը, որն ուսումնասիրելուց հետո, ձևափոխեցի և ստացա «Տանգո մի ամոր»-ը, այսինքն՝ իմ սիրո տանգոն։

Ներկայացումն իմ ավարտական դիպլոմային աշխատանքն էր, սակայն համավարակի հետևանքով կիսատ էր մնացել, հետո պատերազմն իր հետեւանքներով։ Այդ իսկ պատճառով  որոշեցի ներկայացումս վերականգնել և շարունակել որպես բարեգործական ներկայացում և հանգանականության արխիվի միջոցով ամբողջ հասույթը տրամադրել մեր զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին։

Ինչպե՞ս եք ընտրել պարուհիներին, ինչ-որ հատուկ կեցվածքո՞վ։

Ինձ համար կարևոր է եղել, որպեսզի պարուհիները համապատասխանեն հենց իմ պատկերացրած կերպարներին, և հուրախություն ինձ, այդպես էլ եղավ։ Եվ երբ սկսեցի ներկայացման նախապատրաստական աշխատանքները, արդեն գիտեի, թե ովքեր պետք է լինեն գլխավոր պարուհիները։ Նրանց երկուսի կերպարներն էլ բացասական են եղել, ու ամեն մեկը իր դերը կատարել է յուրովի։

Մի կերպարը կերտել է Անահիտ Ենոքյանը (անբարո կերպար է, բայց պայքարող  ու դրական), մյուսը՝ Ռիմա Բաղդասարյանը (դարձյալ պայքարող կերպար, սակայն բացասական)։

Ու՞մ օգնությամբ եք բեմադրել ներկայացումը, ովքե՞ր են մյուս դերասանները։

Ամբողջ բեմադրական ներկայացումը եղել է իմը, իմ ուժերով։ Բեմանկարիչը և հագուստների ձևավորողը՝ թատերական ինստիտուտից Արթուր Ավդալյանն է։ Երաժշտական ձևավորման հարցում օգնել է Աննա Գզրարյանը։

Ներկայացման մեջ ընդգրկված  են 9 դերասան, բոլորն էլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ։ Գլխավոր դերերում ես եմ` Հովհաննես Հասասյանս, եւ արդեն վերեւում նշեցի` Անահիտն ու Ռիման, որն իմ կուրսեցին է, մնացած դերակատարները Երևանի պետական ինստիտուտի 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսի ուսանողներ են։ Ի դեպ, կաբարեի երգչուհու կերպարը մարմնավորող Թեհմինե Արաբաչյանը թատերականի ուսանող չէ։

Ի՞նչ ես պատրաստվում անել հյուրախաղերից հետո։

Քանի որ ծնունդով Գավառից եմ, որոշեցինք առաջին հյուրախաղը սկսել հենց իմ ծննդավայրից, ինչը շատ ջերմորեն ընդունվեց։ Երկրորդ հյուրախաղից հետո արդեն շրջագայելու ենք Հայաստանի տարբեր քաղաքներով, իսկ հետո ցանկությունս է`  համերգներով շրջագայել արտերկրում։ Ուզում եմ նաև Գավառ քաղաքում հիմնել իմ դպրոցը, կրթել և դաստիարակել երիտասարդներին, երեխաներին, նրանց մոտեցնել արվեստին։

 

Հեղինակ՝ Թագուհի Մանուկյան 

1688